«Հերոսի ծնողները». Մհերի մայրը գտել է ցավին հաղթելու ճանապարհը

Մհերն ավարտում է միջնակարգ դպրոցը, որոշ ժամանակ սովորում ավագ դպրոցում, սակայն որոշում է դուրս գալ եւ սովորել ոսկերչություն:
mheri-cnoghner

«Արմենպրես»-ը շարունակում է «Հերոսի ծնողները» նախագիծն՝ այս անգամ ներկայացնելով ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը զոհված զինծառայող Մհեր Երզնկյանի ծնողներին՝ Արամայիս եւ Արմինե Երզնկյաններին:

Մհերի հայրիկի հետ քայլում ենք դեպի տուն, լռությունը կոտրում է հայրն ու ասում՝ «Որդուս հետ մի նորմալ խոսել էլ չկարողացա, հուզված էի»: Խոսքը ավագ որդու՝ Դավիթի մասին էր, ով ծառայում է խաղաղապահ զորքերում, հիմա Կոսովոյում է: Հիշեց նոյեմբերի 15-ին Կոսովոյում և Աֆղանստանում միջազգային խաղաղության հաստատման գործողություններին մասնակցող հայ խաղաղապահների  և ընտանիքների համար կազմակերպված ավանդական հեռուստակամրջի ընթացքում հայր եւ որդու կարճ խոսակցությունը:

Մոտենում ենք տանը, ցույց է տալիս բակում աճեցրած ծաղիկներն, ասում է. «Այս ամենը Մհերիս աշխատանքն է, իր ձեռքով է մշակել. ինչի  դիպչում էր, անպայման պիտի աճեր»:

Մտնում ենք տուն, տեղավորվում Մհերի համար խնամքով պատրաստված անկյան մոտ, մեզ է մոտենում մայրը՝ տիկին Արմինեն:

Պատմում է, որ Մհերը շատ խելոք երեխա է եղել, չէր անհանգստացնում, առհասարակ շատ հոգատար ու ուշադիր է եղել հարազատների, ընկերների նկատմամբ, մայրն ասում է՝ իրեն սիրել էր տալիս: «Դպրոցում սկզբնական շրջանում լավ էր սովորում, հետո մի բան փոխվեց, սկսեց չսովորել, բայց շատ խելացի էր: Դպրոցական ժողովներին գլուխս միշտ բարձր է եղել: Դասարանում բոլորի կողմից շատ սիրված էր, հատկապես աղջիկների հանդեպ էլ շատ ուշադիր էր: Մհերս շատ խոսել, բացվել չէր սիրում, բայց տանը ամեն առիթ, յուրաքանչյուր ծնունդ, իրոք, գեղեցիկ տոնի էր վերածում, ամեն ինչ կազմակերպում էր, անակնկալներ անում: Հորեղբոր ընտանիքի հետ ենք ապրում, բոլորի նկատմամբ էր այդպիսին: Մեկ էլ գիշերը տորթով տուն կմտներ, կգար կշնորհավորեր: Անցած տարի իմ ծննդյան օրն էր, մտա տուն, տեսնեմ՝ խոհանոցը զարդարել էր նվերներով, ծաղիկներով: Էդպես գեղեցիկ անակնկալներ էր անում, միշտ մտածում էր՝ մի լավ բան կազմակերպեր: Շատ էր սիրում հաճոյախոսություններ անել, քայլելիս պարտադիր պիտի նայեր դեմքիս, հարցնում էի՝ Մհեր ջան, ինչի ես նայում, ասում էր՝ ախր լավն ես, էհ»:

Մհերն ավարտում է միջնակարգ դպրոցը, որոշ ժամանակ սովորում ավագ դպրոցում, սակայն որոշում է դուրս գալ եւ սովորել ոսկերչություն: Զինվորի նկարների կողքին դրված խաչը հենց Մհերի ձեռքի աշխատանքն է:

«Մենք էլ կողմ էինք նրա այդ որոշմանը, միշտ էլ վստահել ենք մեր երեխաներին, թողել, որ իրենք իրենց որոշումներն ինքնուրույն կայացնեն, որ իրենց սրտով լինի: Առհասարակ երեխաներս շատ հասկացող են, մի հայացքից իրար միշտ հասկանում ենք: Դե, Մհերս սկսեց սովորել, հետո տեսավ, որ գործիքները բավականին թանկ են, որոշեց աշխատել մինչեւ բանակ գնալը, այդ գումարով գործիքներ գնել, իսկ բանակ գնալը երկար ժամանակ է՝ հետաձգվում էր»,-պատմում է մայրը:

Պարզվել էր, որ Մհերը սրտի առիթմիա ունի, երեք տարի անընդմեջ ծառայությունը հետաձգվում էր. թե՛ Մհերը, թե՛ հարազատները հոգնել էին այդ սպասողական վիճակից, Մհերն այլեւս սպասել չէր ցանկացել. «Բոլորս շատ զարմացել էինք, որ Մհերս առողջական խնդիրներ ուներ: Դպրոցում էր մի երկու անգամ վատ զգացել, բայց չէինք մտածում, որ կարող է խնդիր լինել: Նա, սակայն, որոշեց, որ ինչ էլ լինի, անպայման պիտի գնա ծառայության: Ուղղակի շատ էր ուզում ծառայել, ասաց` վերջ գնում եմ»:

Մհերը բանակ է զորակոչվում 2016 թվականի հունվարի 16-ին, տիկին Արմինեի խոսքով՝ բանակային կյանքը շատ էր դուր գալիս Մհերին, նախկին պատկերացումները բանակի մասին կոտրվել էին:

«Զինկոմիսարիատում էլ ասացի՝ բալես, մի տեսակ հպարտ եմ, որ իմ տղան էլ է ծառայելու, ասաց՝ ես էլ մամ, ես էլ եմ հպարտ: Նեղվում էր նաեւ, որ մեծ տարիքում է գնում բանակ, բայց մի օր ուրախ-ուրախ զանգեց ասաց՝ մամ, պատկերացնում ես, էստեղ 25 տարեկան ծառայողներ էլ կան: Ինքը մի քիչ այլ կերպ էր տրամադրված, տարբեր բաներ էր լսել բանակային կյանքի մասին, բայց լրիվ հակառակը դուրս եկավ:  Արդեն հարմարվել էր, լավ ընկերական շրջապատ ուներ:  Ես նրա ժպիտով դեմքը մինչեւ հիմա հիշում եմ: Ուրախ էր Մհերս»:

Հայրը հպարտ-հպարտ ասում է՝ Մհերս բանակում թերթի խմբագրակազմի անդամ է եղել, շատ քչերն են այնտեղ ընդգրկվում, ու բերում է որդու պատրաստած երկու պաստառները. մեկը նվիրված էր մարտի 8-ին, մյուսը՝ ապրիլի 7-ին:

«Այնքան լավ ձեռագիր ուներ, լավ էլ նկարում էր: Պաստառները սիրուն կազմել էր, բանաստեղծություններ գրել, նկարել: Սկզբնական շրջանում նույնիսկ հրամանատարն ասել էր՝ 15 օրվա ծառայող է, բայց ամբողջ զորամասն արդեն հասցրել էր սիրել Մհերին»:

Տիկին Արմինեի խոսքով՝  Մհերը ցանկանում էր տեղափոխվել հետախուզական վաշտ, ավելի ակտիվ անցկացնել ծառայությունը:

«Նա սիրում էր աշխատել, պարապել, ասում էր՝ տեսնում եմ՝ տղերքը ոնց են պատրաստվում, դրա համար հետախուզական վաշտ ուզեց, բայց դե ասել էին  առողջական խնդիրներ ունի, չի կարող: Մհերս սկսել էր լուրջ պարապել, ուզում էր հակառակն ապացուցել: Շաբաթվա լավագույն ֆիզպատրաստված զինվոր էր ճանաչվել,  թերթում նրա նկարը կար: Գնացել,  հրամանատարին ասել էր, որ լիովին պատրաստ է: Մի օր խոսում էինք իրար հետ, ասաց՝ մամ, սպասի խրախուսանքների, հրամանատարը մի քանի ստորագրություններ ունի ինձ համար, այն էլ այսպես եղավ: Նպատակներ ուներ, ընկերներից իմացել էինք, որ ուզում էր գար, խաղաղապահ զորքեր մտներ եղբոր նման»:

Ծնողները խոսել են Մհերի հետ դեպքից մի քանի ժամ առաջ, ուրախ է եղել, անհանգստանալու տեղիք չի տվել, տիկին Արմինեին ասել էր` մամ ջան, մի վախեցի:

«Նա շատ անհանգիստ էր ընկերների համար, զանգում, ասում էր՝ մամ, չեմ կարողանում զանգեմ, տեսնեմ՝ ոնց են, ես էլ հանգստացնում էի, ասում էի՝ տղա ջան, մի մտածի, անջատած կլինեն հեռախոսները խառը պահերին»:

*

*