Թող որ էլ չզգանք հերոսազրկվելու ծանր խայտառակությունը

Հաճախ հերոսի պսակն անսպասելի զարդարում է ոչ արժանիի գլուխը
zinvor-arcax-banak

2016 թ․-ի ապրիլին զինվորի համար սնունդի, գումարի, խրախուսական նամակի տեսքով աջակցություն էր ցուցաբերում նաև ԵՊՀ-ն։ Դրվագ առ դրվագ հիշում եմ ուսանողներին, ովքեր մինչև ուշ գիշեր դասավորում, տեսակավորում, առանձին-առանձին յուրաքանչյուրն իր անսպառ սիրով ու հոգատարությամբ լի բովանդակությամբ նամակով զարդարում էին զինվորին հասանելիք սնունդը։ Բաց արկղերով կոնֆետներ, տարբեր տեսակի քաղցրավենիք․․․100-ավոր ուսանողներ մեկ կոնֆետի թուղթ անգամ չվնասեցին։

Զինվորինն է և դրանով ամեն ինչ ասված է․․․ Սահմանը պահող, ցրտի, արևի, քարի հողի հետ կռիվ տվող զինվորինը։

Այդ ուսանողները օրերով հերթեր էին կանգնում, որ կամավորագրվեն նաև առաջնագիծ մեկնելու համար, ոմանք ծնողներից գաղտնի։ Սա իմ տեսած  սերունդն է։ Ես բախտ ունեմ մոտիկից ճանաչելու, նրանց ընկերը լինելու հպարտությունը վայելու նաև ապրիլյան պատերազմի հերոսների հետ։ Նրանք հերոսի իմ պատկերացումն են․․․

Իսկ հիմա մի հարց՝ որտեղից ձեզ այդքան կեղտ, ով է նվիրել ձեզ դանայան տակառի նման չլցվող այդ ստամոքսը։ Պատկերացնում եք ինչ անպատմելի գաղջ է հիշեցնում քո տեսակավորած սնունդը 2 տարի անց ինչ-որ մեկի պատռված ստամոքսում հայտնաբերելը։ Պատկերացում եք ինչ անտանելի գարշահոտ է տարածվում։ Տեսնես այդ լիքը ստամոքսը ծանրություն չի տվել, որ երկու տարի խուլ մրափել են զոհված զինվորի մոր լացի ձայնի տակ, սոված, անզեն, զինվորի ստվերի ներքո։ Ցավն այն է,  որ այդ սնունդով լցված ու չմարսված ստամոքսները դեռ շատ են, որ պետք է պատռվեն։

Գաղտնիք չէ, որ պատերազմն անողոք է և անկանխատեսելի։ Հաճախ հերոսի պսակն անսպասելի զարդարում է ոչ արժանիի գլուխը, կամ նրա, ով իրեն խեղդող արյան ծարավը հագեցնելու համար հարմար հարթություն է գտնում։ Գաղտնիք չէ, բոլորի համար գաղտնիք չէ․․․հաճախ մենք ինքներս լվանում նրանց կեղտերն ու տալիս փառքի ուղի, հաճախ մենք ինքներս ենք հավատում մեր իսկ ստեղծած կերպարին։ Իսկ երբ հերոսը չի կարողանում հերոս մնալ, մի ամբողջ ազգի երազ սկսում է կամաց-կամաց հուսախաբ լինել։

Թող սա լինի առաջինը, թող վերջինը լինի, թող որ էլ  չզգանք հերոսազրկվելու ծանր խայտառակությունը։

Ու եթե Աստված մի արասցե, կրկին նամակ գրելու առիթ ունենանք, եկեք չհուսախաբվենք, եկեք նույն ոգով ու նվիրվածությամբ կրկին գրենք ու տանք, որովհետև զինվորին ուղարկված սնունդը երբեք անհասցե չի մնում, զինվորին գրված նամակը, երբ թողնում են կես ճանապարհին, այն ուղղակի տապանագիր է դառնում  պահողի համար։ Զինվորից գողացված ոչ մի ժպիտ առանց արցունքի չի մնում։

Իսկ պահեստի պատերն ինչ են, որ  խլացնեն անմեղ երեխայի նամակի խոսքերի հզորությունը, դրանք նրբորեն կփշրվեն  մորից որդուն ուղարկված տաք գուլպաների ջերմությունից։

Եկեք չհուսախաբվենք․․․ Կրկին գրենք ու տանք, քանի որ ոչինչ ու ոչ ոք անպատասխան չի մնում։

Հեղինակ՝

Հրաչուհի Ալմաստյան

*

*