Մենք գամված ենք աթոռին, ժպտում են մեր սելֆիները

Իրականություն այս անգամ էլ քմծիծաղ տալով՝ անցավ մեր կողքով...
zuyg-heraxos

Երեկոյին բոլորը գույնզգույն հագնված՝ անտեսում են պարը, կողքինին, երգչին ու երաժիշտներին, խորացած են. երջանկություն են որոնում՝ հայացքները հեռախոսների մեջ թաքցրած: Մի պահ մասնակից են դառնում իրականությանը՝ այնտեղից երևակայական մի պատառ փախցնելու և « like»-ային հպարտ սպասումով համացանցին նետելու համար:

Շփվում ենք միմյանց հետ, բայց բոլորը գրկել են հեռախոսները, որտեղ գուցե հենց այդ պահին գրկախառնության մասին տողեր են կարդում… Բառերն արտաբերվում են, կեղծ են, մտածածը չի հնչում, միմիկա չկա, մենք ծանոթ ենք իրար, միաժամանակ ծանոթ չենք. ժպտում են նկարների կաղապարները: Մենք լուռ ենք՝ ոչինչ չարտահայտող բութ դեմքերով, մինչ համացանցում մեր սմայլիկները խենթանում են ուրախ ծիծաղից, պարում են, ջերմ են, սիրառատ են: Տեսեք, թե ինչ ուրախ է երեկոն, մենք գամված աթոռին՝ ժպտում են մեր սելֆիները, պարում են սմայլիկները, մենք մեխված աթոռին՝ ճանապարհում ենք իրականության իրական վայրկյանները:

Այդ քառակուսուց ներս գուցե մենք ավելի  գեղեցիկ ենք, հաճելի, խելացի, լայքված: Տես թե ինչ երկար է ժպտում այնտեղ ինչ-որ մեկի երջանիկ ընկերուհին, հարաբերության հավերժությունը հաստատող կարգավիճակը չի փոխվում, մինչ նրա սիրեցյալն ինքնադրսևորման նոր եղանակներ է որոնում ՝ թաքցնելով խեղդող դատարկությունը:

Քառակուսուց ներս երևակայականի՝  խանգարման հասցնող կռիվն է: Այնտեղ մենք երջանիկ ենք, էկրաններից ներս ու դուրս՝ մեր իրականությունից:

Ուրախ էր երեկոն.  իրականությունը՝ մաշված երջանկությունը մեջքին փաթաթած, այս անգամ էլ քմծիծաղ տալով անցավ մեր կողքով:

Հեղինակ՝

Հրաչուհի Ալմաստյան

*

*