Ապրիլյան պատերազմում զոհված Հենրիկ Ղահրամանյանն այսօր կդառնար 20 տարեկան

Շատ սիրված էր բոլորի կողմից, լուրջ ու չափի մեջ, երբեք սուտ չէր խոսում:
henrik-ghahrmanyan

Ապրիլյան պատերազմի ժամանակ Թալիշում հերոսաբար զոհված կրտսեր սերժանտ Հենրիկ Ղահրամանյանի ծննդյան օրն է:

Հերոսը սովորել է Մասիսի թիվ 2 դպրոցում. դասղեկ Արմինե Ասլանյանի խոսքով՝ Հենրիկին կարողանում էին ավելի լավ բացահայտել իր իսկ գրված տողերով, քանի որ փակ էր, չէր սիրում շատ խոսել:

«Ուրախ եմ, որ պահել եմ այս տողերը: 6-րդ դասարանում աշակերտներին հանձնարարել էի բնութագրել ինքներն իրենց: Գրել էր՝ ես բնավորությամբ շատ հանգիստ եմ, սիրում եմ ծանոթություներ հաստատել, ընկերասեր եմ, կատակասեր եմ, կատակում եմ, բայց` միայն տանը հաճախ, արտաքինից շատ ժպտերես եմ, ներքուստ նույնպես ուրախ եմ, ես բոյով եմ, շիկահեր, աչքերս արտահայտիչ են, շագանակագույն, նիհար եմ եւ ուժեղ եմ»,- պատմում է տիկին Ասլանյանը:

Դասղեկն ասում է, որ ամենադրական հատկանիշները կարելի էր գտնել հենց Հենրիկի մեջ, նա ճշգրտորեն բնութագրել էր իրեն այնպես, ինչպես նրան տեսնում էր իր շրջապատը:

«Շատ սիրված էր բոլորի կողմից, լուրջ ու չափի մեջ, երբեք սուտ չէր խոսում:  Մի անգամ էլ հանձնարարել էի անունը բացել, անվան տառերով բնութագրական բառեր գրել, Հենրիկն առանձնացրել էր՝ հանգիստ, երազկոտ, նեղացկոտ, «ր» տառի տակ երեւի ոչինչ չէր գտել, պարզապես գրել էր րոպեական,  իրատես եւ կարգապահ: Ամեն ինչ ճիշտ էր բնութագրել, միայն թե մի փոքր նեղացկոտ բառն էր մեզ համար բացահայտում: Իրոք, հանգիստ էր, չեմ հիշում, որ երբեւէ ընկերների հետ վիճաբանություն ունենար, հենց առաջին նստարանին էր նստում,  միշտ ժպիտը դեմքին էր, հանձնարարությունները սիրով կատարում էր: Եթե ուզեր, երեւի շատ ավելի լավ կսովորեր, որովհետեւ բարձր դասարաններում զգաց դրա հաճույքը: Գրականություն էր շատ սիրում, հաճույքով կարդում ու անգիր էր անում մեր բանաստեղծների ստեղծագործությունները: Մտադրություն ուներ ուսումը շարունակելու, իրավաբան էր ուզում լինել»:

Տիկին Ասլանյանը ներկայացրեց Հենրիկին հանձնարարված եւս մի առաջադրանք, որտեղ նա պետք է գրեր, թե ինչ է ցանկանում:

««Ուզում եմ» թեմայով աշխատանք հանձնարարեցի, Հենրիկն այնքան լավ բաներ էր գրել՝ բոլոր մարդիկ էլ ամեն վայրկյան մի բան ուզում են, ես շատ կուզեի, որ մարդիկ լինեն բարի եւ անկեղծ, ուզում եմ, որ մեր երկրում շարունակվի անկախությունը, երջանկություն տիրի, ուզում եմ, որ Հայաստանը կրկին ունենա իր առաջվա տարածքները, ուզում եմ, որ բոլոր երկրներում խաղաղություն տիրի եւ պատերազմներ չլինեն, ես այն եմ ուզում, ինչ բոլոր մարդիկ են ուզում»:

Հենրիկի մասին դեպքն իմանալուց հետո դպրոցի աշակերտներն իրենց նախաձեռնությամբ որոշել եւ անկյուն էին պատրաստել Հենրիկի համար: Դասղեկը տեղեկացրեց, որ այսօր էլ պատրաստվում են սերժանտի հիշատակին նվիրված փոքր միջոցառում անցկացնել:

«Ես այդ օրերին շատ անհանգիստ էի, քանի որ Հենրիկն էլ, համարյա բոլոր դասընկերներն էլ ծառայում էին Արցախում:  Երբ իմացանք, սկզբում չէինք հավատում, ընտանիքն էլ չէր հավատացել: Հիշում եմ՝ հոգեհանգստից հետո բոլորով հավաքվեցինք դպրոցում, աղջիկները մինչեւ ուշ գիշեր ինձ հետ նստեցին, մտածում էինք Հենրիկի մասին, պատմում տարբեր դրվագներ, ով ինչ հիշում էր: Ես ավարտական դասարան ունեի այս տարի, վերջին զանգի միջոցառումը սկսեցինք Հենրիկին նվիրված հատվածով, ասացինք, որ շնորհակալ ենք, որ մեզ պաշտպանել է, հանուն այսօրվա, որ մենք խաղաղ անցկացնենք վերջին զանգը: Մեզ համար էլ է դժվար, իմ հոգում մի հոգս էլ է ավելացել»:

Հենրիկը մարտի դաշտում էլ իրեն պահեց ճիշտ այնպես, ինչպես բնութագրել էր: Շտապեց օգնության, զոհվեց  վիրավոր ընկերներին դուրս բերելիս, տվեց իր կյանքը՝ փրկելով մեկ ուրիշինը:

Մեկ Մեկնաբանություն
  • Ապրիլյան պատերազմում զոհված Հենրիկ Ղահրամանյանն այսօր կդառնար 20 տարեկան — Armenian National Committee of America
    28 ноября 2016 at 11:59

    […] […]

  • *

    *