Հայաստանը դիտեք որպես ձեր տունը, ձեր երկիրը․ նախագահը՝ սփյուռքահայ երիտասարդներին

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ՀԲԸՄ ծրագրերով Հայաստան ժամանած...

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր հյուրընկալվել են Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ)՝ Երևանի ամառային մասնագիտական փորձառության և «Երաժշտական Հայաստան» ծրագրերով Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդները: Նրանք հանդիպել են Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Սարգսյանը պատասխանել է երիտասարդների հարցերին, որոնք մասնավորապես վերաբերել են Հայաստանի զարգացման տեսլականին, հայրենիքի հետ կապին, նախագահի անձնական փորձառությանը և այլն:

Առաջ շարժվելու համար նախագահ Սարգսյանը կարևոր է համարել մի շարք ոլորտներում (այդ թվում՝ զբոսաշրջություն, գյուղատնտեսություն, բարձր տեխնոլոգիաներ) հաջողություն գրանցելը. «Մենք պետք է փորձենք լավագույն արդյունքն ունենալ, պետք է փորձենք լինել լավագույնը»:

Դիմելով սփյուռքահայ երիտասարդներին՝ նախագահն ասել է. «Հայաստանում պետք է ամեն ինչ անենք, որ դուք ձեզ զգաք ձեր տանը, ուր դուք կարող եք վերադառնալ ամեն պահի, աշխատել, ունենալ ձեր ներդրումը: Եվ դրա համար խոչընդոտներ չպետք է լինեն: Հայաստանը դիտեք որպես ձեր տունը, ձեր երկիրը: Բայց դուք պետք է լինեք նաև ա′յն երկրի լավագույն քաղաքացիները, որտեղ ապրում եք: Այնպես որ, մաղթում եմ, որ ոչ միայն ձեզ զգաք ձեր տանը, այլև՝ զգաք ձեզ մեր ազգի, մեր երկրի մի մասնիկը»:

*

*