Հարձակվել են «Հայելի» մամուլի ակումբի վրա

Նրանցից մեկը ասել է, որ բողոքի ակցիա են իրականացնում, իսկ պատճառը Hayeli.am-ով տարածվված հոդվածն է
hayeli

4 երիտասարդ (Դավիթ Հովհաննիսյան, Սարգիս Մանուկյան, Արտակ Մարգարյան և Հայկ Ստեփանյան) ձվեր են նետել «Հայելի» մամուլի ակումբի դռան վրա: Նրանցից մեկը, ով ներկայացել է որպես Հայաստանի քաղաքացի Դավիթ Հովհաննիսյան, ասել է, որ բողոքի ակցիա են իրականացնում, իսկ պատճառն այն է, որ Hayeli.am-ով տարածվել էր մի հոդված, որը վերնագրել էին՝ «Ալիեւի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին»:

Նրա խոսքով, ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանը, ով հանդիսանում է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի քույրը, եւ Հրայր Թովմասյանը պետք է հեռանան Հայաստանից Ադրբեջան՝ Ալիեւի մոտ։

Նրանք նաեւ նշել են՝ եթե խմբագրության դուռը բաց լիներ, նույն բանը ներսում էին իրականացնելու:

Ի դեպ, հարձակվողներից մի քանիսը պարբերաբար մասնակցել են իշխանություններին զորակցող բողոքի ակցիաներին, միշտ ներկա եղել Քոչարյանի գործով դատարանի դիմաց հակաքոչարյանական հավաքներին։ Նրանք մայիսին Նիկոլ Փաշինյանի կոչով կազմակերպել էին Բարձրագույն դատական խորհրդի շենքի շրջափակումը։

Այս երիտասարդները ի պաշտպանություն իշխանությունների՝ մայիսի 25-ին Ազատության հրապարկում կազմակերպել էին հանրահավաք, որտեղ բանախոսներից մեկը հրապարակային սպառնացել էր Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը, «քարերով ցխել»։ Ի դեպ, այդ սպառնալիքի դեպքով իրավապահները մերժել էին քրեական գործ հարուցել։

Ի դեպ, ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է, որ «Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակում կատարելու մասին ՀՀ ոստիկանությունը դեռևս հաղորդում չի ստացել:

«Ոստիկանությունն ուսումնասիրում է հրապարակված նյութը, և այժմ ստուգողական աշխատանքներ են իրականացվում»,- նշել է Ջանոյանը:

*

*