Հայաստանում ֆրանսիական համալսարանը ստեղծել է շրջանավարտների ասոցիացիա

Համալսարանը ստեղծման օրից 1700 շրջանավարտ է ունեցել
ufar

Հայաստանում ֆրանսիական համալսարանը ստեղծել է շրջանավարտների ասոցիացիա, որին միանալու կոչ է անում համալսարանի, ինչպես նաեւ Ֆրանսիայի բուհերի ուսանողներին եւ շրջանավարտներին: Այս կապակցությամբ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը կազմակերպել էր ընդունելություն, որին հրավիրված էր բուհի ուսանողական, դասախոսական կազմը:

Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն նշեց, որ սա Հայաստանում նրա վերջին ընդունելությունն է, քանի որ դեսպանն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը: Նա ընդգծեց, որ ուրախ է  վերջին ընդունելության շրջանակում հենց  Ֆրանսիական համալսարանի ուսանողների հետ հանդիպելու կապակցությամբ:

«Այս երկրում ապրել եմ երեք տարի, տարբեր մարդկանց եմ հանդիպել, բայց  մի բան հստակ գիտեմ. Հայաստանի հարստությունը երիտասարդներն են: Ես տեսնում եմ երիտասարդների նպատակասլացությունը եւ համոզված եմ, որ  նրանք են կառուցելու երկրի ապագան: Ուրախ եմ նաեւ՝ տեսնելով,  որ այստեղ ոչ միայն ներկայիս ուսանողներն են, այլեւ երիտասարդ մասնագետները, ովքեր արդեն աշխատում են եւ կառուցում այս երկիրը»,- ասաց դեսպանը:

Համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստը տեղեկացրեց, որ համալսարանը Հայաստանում գործելուց ի վեր ունեցել է 1700 շրջանավարտ:

*

*