1918-ի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը

Հայ ժողովրդի կյանքում եղած բազմաթիվ պատերազմներից հետո ստեղծվեց Հայաստանի առաջին հանրապետությունը
mayisi-28

Հայ ժողովրդի կյանքում եղած բազմաթիվ պատերազմներից հետո ստեղծվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Պետականության հիմնասյուների իսպառ բացակայությամբ, բայց անհրաժեշտ էր տեղ զբաղեցնել աշխարհի՝ բզկտվող քարտեզի վրա։

1918 թվականի մայիսի 28-ին մայիսյան հերոսամարտներից` Սարդարապատից, Բաշ-Ապարանից, Ղարաքիլիսայից հետո ծնունդ առավ Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Հայ ժողովուրդը կարողացավ 543 տարի անց վերականգնել պետականությունը: Մայիսի 28-ին Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդն ընդունեց հռչակագիր, որում ասված է.

«Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով եւ Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր դրության հանդեպ Հայոց ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն եւ միակ իշխանություն»:

Հունիսի սկզբին հրապարակվեց այսպիսի հաղորդագրություն.

«Հայոց ազգային խորհուրդը՝ այն իրավունքների հիման վրա, որով նրան լիազորել է հայ ժողովուրդը, մայիսի 28-ին որոշեց հռչակել Հայկական պետության անկախությունը, հիմնեց Հայաստանի Ժողովրդավարական Հանրապետությունը»:

Հանրապետություն, որը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակներում. բազմահազար գաղթականներ ու սով: 1918 թվականի հուլիսի 24-ին հրապարակվեց Հայաստանի Առաջին Հանրապետության անդրանիկ կառավարության կազմը. վարչապետ` Հովհաննես Քաջազնունի, արտաքին գործերի նախարար` Ալեքսանդր Խատիսյան, ներքին գործերի նախարար` Արամ Մանուկյան, զինվորական նախարար` գեներալ Հովհաննես Հախվերդյան: Հայաստանի ազգային դրոշ ընդունվեց եռագույնը` կարմիր, կապույտ, նարնջագույն: Անկախության տարեդարձի օրը` մայիսի 28-ին, կառավարությունը, որն արդեն գլխավորում էր Ալեքսանդր Խատիսյանը, Հայաստանը հռչակեց Անկախ եւ Միացյալ Հանրապետություն:

1919 թ-ի հունիսին տեղի ունեցան ընտրություններ` 366 հազար ընտրողների եւ 7 կուսակցությունների մասնակցությամբ: Խորհրդարանի ընտրված 80 անդամներից 72-ը դաշնակցականներ էին: Բայց պատմությունը մեր ժողովրդի համար այլ փորձություն էր նախապատրաստել: 1920 թվականի մայիսին Կարմիր բանակը մտավ Ղարաբաղ, հունիսին` Զանգեզուր, օգոստոսին` Նախիջեւան, առանց հայկական զինված ուժերի դիմակայության:

Օգոստոսի 10-ին Թիֆլիսում կնքվեց հայ-ռուսական համաձայնագիր, որով Հայաստանը հավանություն էր տալիս այդ գավառների` իբրեւ հայ-ադրբեջանական վիճելի տարածքների, ռուսական ուժերի ժամանակավոր գրավմանը: Ուղիղ տասն օր հետո Փարիզի արվարձան Սեւրում առաջին համաշխարհային պատերազմում հաղթած երկրների եւ սուլթանական Թուրքիայի ներկայացուցիչների միջեւ կնքվեց հաշտության պայմանագիր: Դրանով Հայաստանը Թուրքիայի կողմից ճանաչվում էր իբրեւ ազատ եւ անկախ պետություն:

Կարճ ժամանակ անց սակայն` օգոստոսի 24-ին, Մոսկվայում ստորագրվեց ռուս-թուրքական պայմանագրի նախագիծը, որով Ռուսաստանը ճանաչում էր Թուրքիայի տարածքային ամբողջականությունը` Կարս, Արդահան, Բաթում քաղաքները ներառյալ: Ըստ էության` այդ համաձայնագիրը Հայաստանի դեմ էր: 20 թվականի սեպտեմբերի 28-ին քեմալական բանակը, Քյազիմ Կարաբեքիրի հրամանատարությամբ, առանց պատերազմ հայտարարելու, հարձակվեց Հայաստանի վրա: Հայաստանի Կառավարությունը երկրում հայտարարեց ռազմական դրություն: Բոլոր կուսակցությունները, բացի բոլշեւիկյանից, հանդես եկան հայրենիքի պաշտպանության կոչով:

Սեպտեմբերի 29-ին թուրքերը գրավեցինՍարիղամիշը, ապա` Կաղզվանը: Հայկական բանակը Թովմաս Նազարբեկյանի հրամանատարությամբ, դիրքեր գրավեց Կարսի մատույցներում, սակայն հոկտեմբերի 30-ին թշնամին առանց դիմադրության գրավեց նաեւ Կարսի բերդը: Շուրջ 3 հազար հայ զինվորներ եւ 120 սպաներ գերի ընկան:

Նոյեմբերի 7-ին ընկավ նաեւ Ալեքսանդրապոլը: Իսկ արդեն Նոյեմբերի 18-ին հայկական կողմը հարկադրված ընդունեց թուրքերի առաջարկած զինադադարը: 1920-ի նոյեմբերի 24-ին կազմվեց է նոր կառավարություն՝ Սիմոն Վրացյանի գլխավորությամբ:

Նոյեմբերի 29-ին Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն, 11-րդ Կարմիր բանակի օգնությամբ, Ադրբեջանից մտավ Իջեւան եւ երկրում հայտարարեց խորհրդային իշխանություն: Հայաստանի Առաջին Հանրապետությունը գոյատեւեց երկու տարի, Հայաստանը խորհրդայնացվեց ,բայց՝ ժամանակավոր … 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի ժողովուրդը պիտի վերականգներ կորցրածը:

*

*