Հայաստանը համարվում է թրաֆիքինգի դեմ առավել հաջող պայքար ծավալող երկրներից մեկն աշխարհում

Եթե նախկինում թրաֆիքինգի զոհերը կանայք էին, ապա ներկայումս տղամարդիկ են:
trafiqing

Հայաստանը հինգերորդ տարին անընդմեջ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ  պայքարում դասվել է 1-ին խմբում, ինչը նշանակում է, որ Հայաստանը համարվում է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ առավել հաջող պայքար ծավալող երկրներից մեկը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հուլիսի 28-ին  լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց  ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ, Հայաստանի հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատանքային խմբի ղեկավար, դեսպան Վահրամ Կաժոյանը: Նրա խոսքով` 2017 թվականի հունիսի 27-ին ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարկեց մարդկանց շահագործման վերաբերյալ տարեկան զեկույցը, որում անդրադարձ է արվում աշխարհի տարբեր երկրներում ստեղծված իրավիճակին:

«ԱՄՆ պետքարտուղարության զեկույցում ընդգրկված 187 երկրներից առաջին խմբում դասակարգվել են միայն 36-ը: Հայաստանը ԱՊՀ երկրներից առաջին խմբում ընդգրկված միակ երկիրն է»,-ընդգծեց Կաժոյանը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության կանանց հիմնահարցերի բաժնի գլխավոր մասնագետ Էլիանորա Վիրաբյանը նշեց, որ վերջին երկու տարում աշխատանքային շահագործման դեպքեր են արձանագրվում։

«Եթե նախկինում թրաֆիքինգի զոհերը կանայք էին, ապա ներկայումս տղամարդիկ են: Թրաֆիքինգ իրականացնող անձինք հիմնականում բարեկամներն են կամ հարազատները, որոնց զոհերը վստահում են: 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականը թրաֆիքինգի զոհ են դարձել 24 անձ, որից 5-ը՝ կին, 19 տղամարդ:  24 զոհերից 3-ը անչափահաս են»,- ասաց Վիրաբյանը և հավելեց, որ այդ դեպքերը հիմնականում արձանագրվել են Հայաստանում և Ռուսաստանում:

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության 3-րդ վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ Վաչե Հովսեփյանը ներկայացրեց ոստիկանության կողմից արձանագրված թրաֆիքինգի դեպքերի վիճակագրական տվյալները եւ նշեց, որ թրաֆիքինգը շատ դեպքերում դրսևորվում է, երբ տուժողը պարտքեր ունի և խոցելի է, ինչն օգտագործվում է չարագործների կողմից:

*

*