Հայաստանում պահանջված մասնագիտություններն ու աշխատատեղերի չլրացման պատճառները

...գործատուն աշխատողի մեջ ցանկանում է տեսնել երկու մասնագետի
ashxatatex-masnagetner2

Մատուցող, խոհարար, բարմեն, հացթուխ, եռակցող, զոդող, փականագործ և այլն. սրանք այն մասնագետներն են, որոնց պահանջարկը տևական ժամանակ Հայաստանում կա: Այս գծով աշխատատեղերը շարունակում են թափուր մնալ: Այս պատկերն աշխատաշուկայում թափուր աշխատատեղերի վերլուծության արդյունքն է: Զբաղվածության պետական գործակալության Աշխատաշուկայի վերլուծության կանխատեսման և գնահատման բաժնի պետ Հասմիկ Թադևոսյանն «Արմենպրես»ի հետ զրույցում նշեց, որ ՀՀ վարչապետի հանձնարարականով սկսեցին առավել ընդգրկուն հավաքագրել Հայաստանում թափուր աշխատատեղերի մասին տեղեկությունները՝ պարզելու, թե որտեղ, ինչ մասնագետների պակաս կա: Ամենաշատ թափուր աշխատատեղերը հավաքագրվել են մի քանի ոլորտներում՝ արդյունաբերություն, մեծածախ և մանրածախ առևտուր, հանրային սննդի կազմակերպում, սպասարկում, ծառայություններ: Մասնավորապես, պահանջվում է մատուցող, խոհարար, բարմեն, հացթուխ, վաճառող, եռակցող, զոդող պատշար, փականագործ: Մասնագիտություն չպահանջող բանվորական աշխատանքի գծով նույնպես թափուր տեղեր են առկա: Ինչո՞ւ չեն լրացվում թափուր աշխատատեղերը, որոնք են պատճառները: Հասմիկ Թադևոսյանի խոսքով՝ պատճառներից  մեկն այն է, որ գործատուների պահանջներն են բարձր:

«Գործատուների պահանջներն են փոխվել, բացի մասնագիտական հմտություններից հավելյալ հմտություններ են պահանջում, մասնավորապես, լեզուների իմացություն, soft skill ասվածն են ուզում տեսնել, արտաքինի վրա են շեշտադրում անում, մարդու պահելաձևի: Դրանից բացի, աշխատատեղերի չլրացման հետ կապված մարզերի դեպքում մեկ այլ խնդիր էլ կա՝ կարծրատիպ: Օրինակ, գործատուները մարզերում բարմեններ չեն կարողանում գտնել, որովհետև չկան, տեղի բնակիչները հարիր աշխատանք չեն համարում: Եղել են դեպքեր, որ Երևանից են տարել այդպիսի մասնագետների»,-ասաց Հասմիկ Թադևոսյանը:

Արդյո՞ք, միջին մասնագիտական հաստատության շրջանավարտները չունեն բավարար հմտություններ աշխատանքի համար, ի՞նչն է խանգարում: Հարցին ի պատասխան Հասմիկ Թադևոսյանը նշեց, որ կրթությունը, կարծես, հետ է մնում աշխատաշուկայի պահանջներից:

«Շուկան ավելի արագ է զարգանում ու փոխվում, նոր պահանջներ են ավելանում, կրթությունը, կարծես, համահունչ չի քայլում աշխատաշուկայի պահանջարկին: Այսօրվա ավարտածն ունի հավելյալ հմտությունների կարիք աշխատաշուկայում ինտեգրվելու համար, ինչը կրթական հաստատությունում չի ստանում»,-ասաց Հասմիկ Թադևոսյանը: Նա նշեց, որ հիմա միտում է նկատվում, գործատուն աշխատողի մեջ ցանկանում է տեսնել երկու մասնագետի, օրինակ, և մատակարար լինի, և վարորդ, հաշվապահ լինի, սակայն իրավաբանական գիտելիքներ ունենա և այլն:

Կրթական հարցերից բացի, թափուր աշխատատեղերը չլրացվելու պատճառներից մեկն էլ աշխատանքային ոչ բարենպաստ պայմաններն են: Շատ են լինում դեպքեր, երբ ցածր աշխատավարձի և ծանրաբեռնված աշխատանքի պատճառով գործատուն չի կարողանում գտնել հիմնական աշխատող:

«Պարզվում է նույն աշխատատեղի մասին պարբերաբար հայտարարություն է տրվում, անձը գնում է 2-3 ամիս աշխատում է կամ աշխատավարձն են ուշացնում, կամ չնորմավորված աշխատաժամանակ է լինում, և նա հրաժարվում է շարունակել աշխատել»,-ասաց նա:

Բարձրագույն կրթությամբ մասնագիտությունների պահանջարկ կա հատկապես մարզերում: Բավական թիվ են կազմում մարզերում բժիշկների թափուր աշխատատեղերը, ուսուցիչներինը, ոչ այնքան շատ, բայց տնտեսագետների, ծրագրավորողների, դեղագետների, ինժեներների պահանջարկ ևս կա:

Մարզերում թափուր աշխատատեղերը տարիներ շարունակ չեն լրացվում, մասնավորապես, խոսքը բժիշկների, ուսուցիչների մասին է, որովհետև, ըստ Հասմիկ Թադևոսյանի, տեղում մասնագետներ չկան: Այստեղից, երբ մասնագետներին ցանկանում են ուղարկել որևէ մարզ, շատերը չեն ցանկանում, որովհետև պայմաններն այն չեն լինում: Օրինակ, աշխատավարձն է ցածր, բժիշկների պարագայում հիվանդանոցային, իրենց առաջարկվող կենցաղային պայմանները լավը չեն և այլն:

Վերջին տվյալների համաձայն՝ Զբաղվածության գործակալությունում հաշվառված է 85 հազար աշխատանք փնտրող, որից մոտ 65 հազարն ունի գործազուրկի կարգավիճակ: Այս տարի գործակալության շահառուների թիվն ավելացել է, դա պայմանավորված է իրենց ծրագրերով: 2017 թվականին գործակալության ծրագրերը զգալի կրճատվել էին, 2018 թվականին որոշները վերականգնվեցին, իսկ 2019-ին վերականգնվեցին ամբողջ ծրագրերը: Ներկայում գործակալությունն իրականացնում է 13 պետական ծրագիր՝ ուղղված ամենատարբեր շահառուների խմբի:

ԱՆՆԱ ԳԶԻՐՅԱՆ

*

*