Հայաստանը նախատեսում է նորարարության զարգացման ռազմավարության եւ ճանապարհային քարտեզի մշակում

Վարչապետն անդրադարձել է 2017 թվականի ՀՀ-ի ազգային մրցունակության զեկույցին բարձրացվող խնդիրներին:
karen-karapetyan

ՀՀ կառավարության ծրագրով նախատեսվել է նորարարության զարգացման ռազմավարության եւ ճանապարհային քարտեզի մշակում: Անդրադառնալով 2017 թվականի Հայաստանի ազգային մրցունակության զեկույցին բարձրացվող խնդիրներին՝ նշեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Այն հնարավորություն կտա ունենալ հստակ եւ երկարաժամկետ ծրագիր նորարարությունը եւ նորարար տեխնոլոգիաների կիրառումը խթանելու համար: Երկրորդը` մշակվելու են հստակ մեխանիզմներ բիզնեսների կողմից նորարար տեխնոլոգիաների ներդրումը եւ կիրառումը խթանելու համար: Երրորդը` ներգրավվելու են վերազգային առնվազն երկու կազմակերպություն` հետազոտություններ ու մշակումներ իրականացնող լաբորատորիաների ձեւավորման նպատակով: Չորրորդը` ինովացիոն էկոհամակարգի ձեւավորման տեսանկյունից ստեղծվելու են նոր տեխնոլոգիական կենտրոններ, ինչը հնարավորություն կտա խթանել Հայաստանում ինժեներական բիզնեսն ու կրթությունը, բարելավվել ինովացիոն ենթակառուցվածքները եւ նպաստել գիտելիքների առեւտրայնացմանը»,- ընդգծեց Կարապետյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ խթանվելու է գիտության եւ մասնավոր հատվածի համագործակցությունը և գիտության առեւտրայնացումը: «Հստակ հասկանալով եւ գիտակցելով, որ այս ոլորտում բեկումնային զարգացում ապահովելու համար անհրաժեշտ է պետության ու մասնավոր հատվածի ռեսուրսների մոբիլիզացիա, ՀՀ կառավարության ծրագրով նախատեսել ենք պետություն-մասնավոր համագործակցության մեխանիզմների կիրառմամբ ստեղծել եւ զարգացնել տեխնոլոգիական նորարարությունների համար ներդաշնակ միջավայր եւ իրականացնել հստակ ծրագրեր: Այստեղ Կառավարությունն ունի գործընկերների մի մեծ բանակ եւ Հայաստանից, եւ սփյուռքից, եւ օտարերկրյա գործընկերներ, ովքեր մեր կրթության ոլորտում կատարում են ներդրումներ, բերում նորանոր ծրագրեր, տեխնոլոգիաներ եւ լուծումներ»,- ասաց Կարապետյանը:

 

Ըստ Կարապետյանի` ՀՀ կառավարության ծրագրով առանձին գերակայություն է լինելու թվայնացումը: «Այն պետք է նախադրյալներ ստեղծի մեր տնտեսության եւ մեր կյանքի տրանսֆորմացման համար, որի արդյունքում կհասնենք արդյունավետության, մրցունակության, արտադրողականության եւ թափանցիկության բարձրացմանը մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտներում»,-շեշտեց Կարապետյանը:

ՀՀ վարչապետի կարծիքով` «Հայաստանի 2017 թ. ազգային մրցունակության զեկույցը», որի շնորհանդեսը կայացել է հուլիսի 14-ին, լայնորեն օգտագործվելու է գործադիրի օրակարգում ներառված հարցերի քննարկման եւ դրանց հիման վրա որոշումներ կայացնելու ժամանակ: Նա հորդորեց գործարար հանրությանը ծանոթանալ զեկույցին` ուշադրություն դարձնելով այնտեղ բարձրացված հարցադրումներին եւ զարգացման ուղղություններին:

*

*