Հայաստանում մշտական բնակչության թիվը նվազել է 15 000-ով

Պատճառները մի քանիսն են` ծնելիության նվազում, մահացության թվաքանակի ավելացում և երկրից մեկնողների աճ:
artagaght

Հայաստանի մշտական բնակչության թիվն էականորեն նվազել է: Այսօր  Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ 2017-ի հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ-ի մշտական բնակչության թիվը կազմել է 2 979 900 մարդ, որը ընթացիկ տարվա հունվարի համեմատ նվազել է 6200-ով, իսկ նախորդ տարվա համեմատ` 15 000-ով:

Մշտական բնակչության թվաքանակի նվազման պատճառները մի քանիսն են` ծնելիության կրճատում, մահացության թվաքանակի ավելացում և երկրից մեկնողների աճ:

«Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ծնունդների թիվը կազմել է 17 169 դեպք, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 7 տոկոսով: Փոխարենն ավելացել են մահացության դեպքերը` 2,1 տոկոսով` նախորդ տարվա 14 403 դեպքի համեմատ` այս տարի գրանցվել է մահվան 14 709 դեպք»,-ասաց Կույումջյանը:

*

*