Կայացել է «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի եւ տեղական մարմինների համատեղ նիստը

Հանրապետության նախագահը շնորհավորել է բոլորին։
hayastan-himnadram-nist

Այսօր ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի եւ տեղական մարմինների 26-րդ համատեղ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանրապետության նախագահը շնորհավորել է բոլորին «Հայաստան» համահայկական հիմնադրամի 25-րդ տարեդարձի կապակցությամբ՝ այն նշանակալի հոբելյան համարելով Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնության համատեքստում:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը ներկայացրել է 2016թ. կատարված աշխատանքների վերաբերյալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության հաշվետվությունը, որի ավարտին նիստի մասնակիցները դիտել են հիմնադրամի 2016թ. գործունեության մասին տեսաֆիլմը: Խորհուրդն ընդունել է հաշվետվությունը՝ ի գիտություն ընդունելով վերստուգիչ հանձնաժողովի եւ «Գրանթ Թորնթոն» աուդիտորական կազմակերպության ներկայացրած եզրակացությունը:

Նիստում քննարկված հաջորդ հարցը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մարաթոն-2017»-ի նպատակաուղղվածության մասին, զեկուցել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները եւ տեղական մարմինների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց կարծիքներն ու առաջարկությունները: Քննարկումների արդյունքում որոշվել է, որ այս տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մարաթոն-2017»-ը նպատակաուղղված է լինելու Արցախի Հանրապետության տարածքում հիմնականում երկու ծրագրերի իրականացմանը՝ խորքային հորերի հորատմանն ու նոր ոռոգման ցանցի կառուցմանը եւ արեւային էներգիայի կիրառմանը:

*

*