Հայաստանում Ֆրանսիական համալսարանի գործունեությունը կընդլայնվի․ դեսպան

Անդրադարձ է եղել աշնանը Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին
levon-mkrtchyan-laqot

Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին ընդառաջ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտի հետ:

Հանդիպման առանցքում եղել են հայ-ֆրանսիական կրթական ծրագրերի շարունակականությանն առնչվող մի շարք աշխատանքային հարցեր: Անդրադառնալով հանրակրթական դպրոցներում ֆրանսերենի խորացված ուսուցման ուղղությամբ ձեռնարկված քայլերին` ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ արդեն այս ուսումնական տարվանից Երևանի և հանրապետության 5 մարզերի թվով 10 դպրոցների 5-9-րդ դասարանի աշակերտները ֆրանսերենը որպես օտար լեզու ուսումնասիրում են խորացված ծրագրերով: Ձևավորվել է յուրօրինակ ցանց, որն, ինչպես իր խոսքում նշել է նախարար Լևոն Մկրտչյանը, կարող է ընդլայնվել:

Իր հերթին դեսպան Ջ. Լաքոթը կարևորել է երկու երկրների բարեկամական հարաբերություններում կրթության համակարգի ակտիվ ներգրավվածությունը՝ նշելով, որ Ֆրանսիայի դեսպանատունը կրթության ոլորտի նկատմամբ ցուցաբերում է լուրջ և գործուն աջակցություն: Այդ համատեքստում դեսպանը մանրամասնել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի գործունեության ընդլայնմանը միտված քայլերի մասին:

Հանդիպմանն անդրադարձ է եղել աշնանը Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին, ինչպես նաև հայ-ֆրանսիական կրթական համագործակցությանը վերաբերվող աշխատանքային մի շարք հարցերի:

*

*