Լեւոն Մկրտչյանը պարգեւներ է հանձնել Ֆրանսերենի 3-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողներին

Հայաստանի ներկայացուցիչ Ռիտա Բոյաջյանն արժանացել է 2-րդ մրցանակի:
fransereni-olimpiade-3

Սեպտեմբերի 25-30-ը տեղի է ունեցել Ֆրանսերենի 3-րդ միջազգային օլիմպիադան, որին մասնակցել են Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի 6 երկրների` Հայաստանի, Ալբանիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Մակեդոնիայի և Մոլդովայի 16-18 տարեկան ֆրանկոֆոն պատանիներ: Օլիմպիադայի բացմանը մասնակցել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, իսկ փակման հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել  նախարար Լևոն Մկրտչյանը: Շնորհավորելով օլիմպիադայի մասնակիցներին` նախարարը կարևորել է նմանատիպ միջազգային օլիմպիադաների անցկացումը` ընդգծելով, որ այս միջոցառումն անցկացվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությամբ: Ըստ Լևոն Մկրտչյանի` 2012 թվականին Քինշասայում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի ընթացքում Հայաստանը ձեռք է բերել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամի կարգավիճակ՝ դառնալով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 54-րդ անդամ-երկիրը: Հաջորդ տարի Հայաստանում է անցկացվելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովը, հետևաբար 2018 թվականի ընթացքում մեր երկրում տեղի են ունենալու ֆրանկոֆոնիային նվիրված բազմաթիվ միջոցառումներ: Միջոցառման ավարտին Լևոն Մկրտչյանն առաջին տեղը զբաղեցրած մրցանակակիրներին հանձնել է պարգևներ:

Ֆրանսերենի 3-րդ միջազգային օլիմպիադային մասնակցել է 33 պատանի, ովքեր մրցել են լեզվի իմացության երկու մակարդակներում՝ B1 և B2։ Մրցույթն իրականացվել է գրավոր և բանավոր։ Գրավոր փուլի արդյունքում Հայաստանի ներկայացուցիչ Ռիտա Բոյաջյանն արժանացել է 2-րդ մրցանակի: Բանավոր փուլում պահանջվել է թիմային աշխատանք։ Օլիմպիադայի մրցութային հանձնաժողովը կազմվել է յուրաքանչյուր մասնակից երկրի ֆրանսերենի 1-ական մասնագետից:

Նշենք, որ ֆրանսերենի նախորդ օլիմպիադաներն անցկացվել են Ռումինիայում և Բուլղարիայում, իսկ հաջորդը տեղի կունենա Մակեդոնիայում:

*

*