Հայաստանում գրանցվել է մոտ 200 երկրաշարժ

Մեր տարածքում վերջին երկրաշարժը գրանցվել է օգոստոսի 15-ին
hayastan-dzmer

2017 թվականին հունվարի 1-ից առ այսօր Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցվել է 193 երկրաշարժ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի սեյսմիկ պաշտպանության գծով խորհրդական Հրաչյա Պետրոսյանը։

Երկրաշարժերից 26-ը եղել են 3 և ավելի բալ ուժգնությամբ։ Ավելի ուժեղ եղել է փետրվարի 28-ին՝ Կապան քաղաքից ոչ շատ հեռու՝ 5 բալ։

Պետրոսյանի խոսքով՝ Արցախի տարածքում գրանցվել է 16 երկրաշարժ, որոնցից 2-ը եղել են 3 բալ ուժգնությամբ։

Հայաստանի և Արցախի Հանրապետությունների բնակիչները զգացել են երկրաշարժերից 21-ը, որոնցից 10-ն եղել են Հայաստանի տարածքում։

Մեր տարածքում վերջին երկրաշարժը գրանցվել է օգոստոսի 15-ին՝ Ամասիայից ոչ հեռու և եղել է 4 բալ ուժգնությամբ։ Զգացվել է Գյումրի քաղաքում, Ամասիայում և հարակից գյուղերում։

Գնահատելով այժմյան սեյսմիկ իրավիճակը՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի սեյսմիկ պաշտպանության գծով խորհրդականը նշեց, որ սեյսմիկ պաշտպանության ազգային բազմապարամետրային դիտացանցն այսօր ունի 153 դիտակայան։

«Դիտակայանների տվյալները շուրջօրյա գրանցվում են, հավաքվում Տվյալների մշակման,վերլուծության և մեկնաբանման միասնական կենտրոնում։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ ՀՀ-ի և ԱՀ-ի տարածքից դեպի արևելք և հարավ-արևելք ընկած տարածքներում սեյսմիկ ակտիվությունը շարունակվում է։ Դրա վկայություններից մեկն այն է, որ դեկտեմբերի 6-ին և 7-ին Իրանի Հանրապետության տարածքի հյուսիսում, արևմուտքում, ինչպես նաև ռուս-ադրբեջանական սահմանային գոտում՝ Դերբենտ քաղաքից ոչ հեռու գրանցվել են երկրաշարժեր։ Այդ տարածքներում սեյսմիկ ակտիվությունը շարունակվելու է»,- ընդգծեց Հրաչյա Պետրոսյանը։

Սպիտակի աղետալի երկրաշարժից հետո անցած տարիների ամենամեծ ձեռքբերումը ՀՀ ԱԻ նախարարի սեյսմիկ պաշտպանության գծով խորհրդականը համարում է աղետների դեմ պաշտպանության համակարգի՝ սեյսմիկ պաշտպանության ծառայության և Արտակարգ իրավիճակների վարչության ստեղծումը։

2003 թվականին ստեղծվել է Արտակարգ իրավիճակների նախարարությունը, որի կազմում այսօր գործում են փրկարար, սեյսմիկ պաշտպանության և այլ ծառայություններ

 

*

*