Հայաստանում 29 խնամատար ընտանիք խնամում է 39 երեխայի

«Խնամատար ծնողը վարձատրություն է ստանում իր աշխատանքի, նաև երեխայի սննդի համար...»
erekhaner

Խնամատար ընտանիքների թիվը Հայաստանում 29-ն է: Երեխայի խնամքի այս այլընտրանքային մոդելը դեռ լայն տարածում չի գտել: Այս մասին երեխաների պաշտպանության ոլորտում «Ընտանեկան օրենսգրքի» շրջանակներում և գործնականում կատարված աշխատանքների ներկայացմանը նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արսեն Մանուկյանը:

«Մեզ համար կարևոր ուղղություն է խնամատարության կամ երեխաների խնամքի այլընտրանքային տեսակների զարգացումը։ 2004թ-ից սկսած խնամատար ընտանիքների գաղափարն ամրագրվեց: Սակայն, իմ համոզմամբ, առ այսօր այս ինստիտուտը լայն տարածում և զարգացում չի ունեցել: Վիճակագրությունն այդ մասին է փաստում: Առ այսօր ունենք 29 խնամատար ընտանիք և ընդամենը 39 երեխա, ովքեր գտնվում են այդ ընտանիքներում: Մինչդեռ, ես կարծում եմ, որ այստեղ մեր պոտենցիալը շատ ավելի մեծ է»,-ասաց Մանուկյանը:

Նրա կարծիքով՝ այն հանգամանքը, որ այս ինստիտուտի դեռ լիարժեք չի կայացել, պայմանավորված է մարդկանց ընկալումներով և պատկերացումներով:

Խնամատարությունը չի համարվում բարեգործություն, խնամատար ծնողը վարձատրություն է ստանում իր աշխատանքի, նաև երեխայի սննդի համար: Այդ ընտանիքին տրամադրվում է ամսական մոտ 140 հազար դրամ: Փոխնախարարը պարզաբանեց, որ խնամատար ընտանիքներին հատկացվող ֆինանսավորման ծավալը 2019-ին պահպանելու են նույնությամբ:

 

*

*