Հայաստանում կանայք ավելի շատ են, քան տղամարդիկ

Հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակիչների թիվը 2 միլիոն 979.6 հազար է
yerevan-kangar-mardik2

Հայաստանի մշտական բնակչությունը 2017 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 979.6 հազար մարդ։

Նրանցից կանայք 1 միլիոն 555.3 հազարն են, իսկ տղամարդիկ՝ 1 միլիոն 424.3 հազար։  Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ Հայաստանում քաղաքային բնակչությունն այս տարվա ինն ամիսներին 1 միլիոն 898.8 հազար մարդ է եղել, գյուղականը՝ 1 միլիոն 080.8 հազար, տարբերությունը 818 հազար է։

Ամենամեծ թվով բնակչությունը մայրաքաղաք Երևանում է՝ 1 միլիոն 076.6 հազար մարդ, որը ողջ քաղաքային բնակչության կեսից ավելին է՝ 56.6 տոկոս։ Արմավիրում է Երևանից հետո ամենաշատ բնակչությունը՝ 265.6 հազար մարդ, ամենաքիչը Վայոց ձորում է՝ 50.1 հազար մարդ։

Մշտական բնակչության միջին տարիքը 2017թ. տարեսկզբի դրությամբ կազմել է` 36.2 տարի, տղամարդկանց համար` 34.3, իսկ կանանց համար` 38.0 տարի:

Հայաստանում կյանքի սպասվող տևողությունը 2016-ին կանանց դեպքում 78.3 տարի է եղել, տղամարդկանց դեպքում՝ 71.6 տարի։

*

*