Հայաստանում անազատության մեջ պահվող արջերի համար փրկարարական կենտրոն է բացվել

Մոտ 30 արջի համար նախատեսված նոր կենտրոնում պայմաններ են ստեղծվել․․․
arji-qototner

Հայաստանում անազատության մեջ պահվող արջերը Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ կտեղափոխվեն Ուրցաձորում բացված Վայրի կենդանիների փրկարար կենտրոն: «Արմենպրես»-ի հետ զրույցում հիմնադրամի հանրային կապերի պատասխանատու Վահագն Թեւոսյանն ասաց, որ մոտ 30 արջի համար նախատեսված նոր կենտրոնում այնպիսի պայմաններ են  ստեղծվել, որ նրանք հնարավորինս մոտ գտնվեն բնությանը եւ հնարավորինս չշփվեն մարդկանց հետ:

«Նոր կենտրոնը բաղկացած է կլինիկայից, կարանտինային մասից, ազատավանդակներից եւ զբաղեցնում է մոտ 2 հա տարածք: Կառուցման աշխատանքները տեւել են մի քանի ամիս»,-ասաց նա: Վահագն Թեւոսյանն արձանագրեց, որ անազատության մեջ պահվող արջերը շատ լուրջ առողջական խնդիրներ ունեն: Հայաստանի տարբեր ժամանցի վայրերից կարանտինային կենտրոններ տեղափոխված արջերը պարբերական զննման են ենթարկվում: Արջերի պահման պայմաններն ու անկանոն սնունդը պատճառ են դարձել մի շարք խնդիրների: Անազատության մեջ պահվող արջերի մի մասը մասնագետների զննությունից հետո տեղափոխվում է կամ Ուրցաձոր, կամ Երեւանի կենդանաբանական այգի։ Վահագն Թեւոսյանը նշեց, որ արջերի մի մասին հնարավոր է հետագայում բաց թողնել բնություն:

«Կենդանական աշխարհի մասին» օրենքի մեջ նորմատիվ փոփոխություններ են սպասվում, որոնցով կխստացվեն վայրի կենդանիների պահման կանոնները:

*

*