Արծրուն Հովհաննիսյան. «Ադրբեջանական լրատվամիջոցներում հայտնված ՆԱԽԿԻՆ սպան բանակից հեռացվել է 2014-ին»

«Նա ծառայության ընթացքում երկու անգամ դատապարտվել է»
norayr-minasyan

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով Ադրբեջանական լրատվամիջոցներում հայտնված հայ նախկին սպայի դեպքին, գրել է.

«Ադրբեջանական լրատվամիջոցներում Վահան Մարտիրոսյանի թեթեւ ձեռքով հայտնի դարձած ՆԱԽԿԻՆ սպան իր ծառայության ընթացքում երկու անգամ դատապարտվել է, բանակից հեռացվել է 2014 թ.-ին, եւ մեկ տարուց ավելի է՝ ինչ ՀՀ ում չէ։

ՀԳ. Ցավալի է, որ հայկական լրատվադաշտը կրկին ադրբեջանական լուրը բերել ու լայնորեն շրջանառում է, այն էլ շատ դեպքերում անհասկանալի վերնագրով»:

Ըստ Haqqin.az ադրբեջանական լրատվամիջոցի՝ 36-ամյա Նորայր Մինասյանն ավագ լեյտենանտի կոչումով ծառայել է Նախիջևանի սահմանակից զորամասերում՝ որպես հակատանկային վաշտի հրամանատար: 2014 թվականի փետրվարին Մինասյանը ձերբակալվել է և զորամասն ինքնակամ լքելու համար դատապարտվել մեկ տարվա ազատազրկման, սակայն, 6 ամիս անց նա ազատ է արձակվել: Ըստ նույն կայքի՝ Մինասյանը բնակվում է Սոչիում, և պատմել է, որ ձերբակալությունից հետո Երևանում գտնվող իր ընտանիքին սկսել են ճնշել հայկական իշխանությունները, և նա օգնություն է ակնկալում ադրբեջանական իշխանություններից:

Նորայր Մինասյանի կինը՝ Սաթիկ Սարգսյանը Tert.am-ի հետ զրույցում նշել է, որ  ամուսնու՝ Ադրբեջանին հանձնվելու վերաբերյալ տեղեկություն իրեն հայտնի չէ և որ իրեն որևէ մեկը չի փորձել ճնշել Հայաստանում:

*

*