Հիմնովին վերանորոգվել է Հաղարծին համայնքով անցնող ճանապարհը

Նախարարը գոհ էր շինարարների աշխատանքից։
haxarcin-chanaparh-norogum

Տավուշի մարզի Հաղարծին համայնքով անցնող միջպետական ավտոճանապարհի շուրջ 5 կմ հատվածի  երթևեկելի մասի հիմնանորոգման աշխատանքներն ավարտված են։ Ընդամենը մեկ ամսվա ընթացքում գրեթե անանցանելի ճանապարհը հիմնովին նորոգված է։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Նախարար Վահան Մարտիրոսյանը, ում անմիջական հսկողությամբ էին կատարվում աշխատանքները, հերթական անգամ այցելել է այդ ճանապարհահատված, աշխատանքների արդյունքին տեղում ծանոթանալու նպատակով։

Նախարարը գոհ էր շինարարների աշխատանքից. «Աշխատանքը շատ բարձր որակով է կատարվել։ Մեկ ամիս առաջ այս ճանապարհը շատ վատ վիճակում էր, լրատվամիջոցները և համացանցային տիրույթը հեղեղված էին ճանապարհի լուսանկարներով։ Այսօր տեսանելի է կատարված աշխատանքը։ Մնացած գնահատականը կարող է ժողովուրդը տալ»,- նշեց Վահան Մարտիրոսյանը։

Միջպետական մայրուղու այս հատվածում փոսալցման աշխատանքների ծավալներն այնքան մեծ էին, որ գերազանցում էին 18 տոկոսը, այն դեպքում, որ 2,5 տոկոսից ավելի չպետք է լիներ։ Այդ պատճառով որոշում կայացվեց ճանապարհի 4,8  կմ երկարությամբ հատվածը հիմնանորոգել։

*

*