ՀԱՍԿ-ի գրասենյակում բացվեց Վարդան Բախշյանի անունով գրադարան — Երկիր Մեդիա

ՀԱՍԿ-ի գրասենյակում բացվեց Վարդան Բախշյանի անունով գրադարան

Վարդանը գրքի պաշտամունք ուներ...

Հայ մարմնակրթական ընդհանուր միության 100-ամյակի շրջանակներում միության ՀԱՍԿ-ի գրասենյակում բացվեց Վարդան Բախշյանի անունով գրադարան։

Գրադարանի բացմանը ներկա էին հերոսի մայրը՝ Աիդա մայրիկը, քույրը՝ Աննա Բախշյանը, Հ․Մ․Ը․Մ-․ականներ և այլ հրավիրյալներ։

Ելույթով հանդես եկած ՀՄԸՄ-ՀԱՍԿ ատենապետ, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Դավիթ Հակոբյանը նշեց, որ սրահը մինչ այդ էլ կրել է Հայաստանում միության վերահիմնադիրներից` եղբայր Վարդան Բախշյանի անունը, և պատահական չէ, որ այժմ էլ սրահը վերափոխվում է նրա անունով գրադարանի։ Նա նշեց, որ գրադարանի նպատակն այն է, որ սկաուտները կարողանան ավելի շատ ժամանակ անցկացնել գրասենյակում՝ ավելի կապվելով միության հետ։

Հակոբյանը հայտնեց, որ գրադարանը ստեղծելու հարցում հիմնական նվիրատվությունը եղել է Հ․Մ․Ը․Մ․-ականներից մեկի կողմից, ով նաև եղել է Վարդան Բախշյանի մտերիմ ընկերը։ Նա չի ցանկացել հրապարակել իր անունը։ Գրադարանի ստեղծման հարցում մեծ ավանդ է ունեցել նաև Վարդան Բախշյանի քույրը՝ Աննան, ով մեծ թվով գրքեր է նվիրել գրադարանին։ Դավիթ Հակոբյանը տեղեկացրեց, որ գրադարանը դեռևս համալրված չէ, սակայն այդ ուղղությամբ կան խոստումներ, և շուտով գրադարանը կստանա իր վերջնական տեսքը։

Ելույթ ունեցավ նաև հերոսի քույրը։ «Վարդանը գրքի պաշտամունք ուներ․ բոլոր նրան ճանաչողները, վստահ եմ, գիտեն այդ մասին։ Շատ հաճելի է, որ այսօր նրա վերահիմնադրած միության գրասենյակում բացվել է ընթերցասրահ։ Ես նրա գրադարանից մի որոշ մասը բերել եմ այստեղ։ Մի փոքր գաղտնիք ասեմ՝ Վարդանը չէր սիրում, երբ իր գրադարանից գրքեր էին պակասում»,-նշեց քույրը՝ միաժամանակ հավելելով, որ, այնուամենայնիվ, Վարդանն ուրախ կլիներ իր այս որոշման համար։

Բախշյանի քույրը ցավով նշեց նաև, որ մեր օրերում համացանցի առկայության պատճառով պակասել է գրքի նկատմամբ հետաքրքրությունը, սակայն գիրքը ուրիշ զգացողություն է, ուրիշ լիցքեր է տալիս մարդուն։

Արցախյան ազատամարտի հերոս, ՀՅԴ անդամ, Հայաստանում սկաուտության վերահիմնադիրներից Վարդան Բախշյանը ծնվել է 1965 թվականի հունիսի 1-ին Արմավիրում: Միջնակարգ կրթությունը ստացել է Արմավիր քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցում: Դպրոցն այժմ կրում է Վարդան Բախշյանի անունը:

1983 թ. ընդունվել է ԵՊՀ պատմության ֆակուլտետ։ 1983-1985 թթ. ծառայել է խորհրդային բանակում: Զորացրվելուց հետո ուսումը շարունակել է համալսարանում։ 1989 թ. ընդունվել է ԵՊՀ ասպիրանտուրա՝ միաժամանակ աշխատելով Հայաստանի պատմական աշխարհագրության և քարտեզագրության լաբորատորիայում։

Ուսանողական տարիներին Վարդանը համալսարանի արևելագիտության ֆակուլտետում թուրքերեն և ադրբեջաներեն է ուսումնասիրել: Թուրքերենի նկատմամբ Վարդանի հետաքրքրությունը պայմանավորված է եղել հետագայում թուրքական արխիվներում հայոց պատմության համար անհայտ էջերի ուսումնասիրմամբ:

1989 թ. Վարդան Բախշյանը դառնում է Հայաստանում կրկին վերահաստատված Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) հիմնադիրներից մեկը։ 1991թ. Աթենքում ընտրվում է ՀՄԸՄ-ի կենտրոնական վարչության անդամ:

Մինչև Արցախի ազատամարտին մասնակցելը Վարդան Բախշյանը պատրաստվում էր պաշտպանել թեկնածուական ատենախոսություն՝ «Արևմտյան Հայաստանի վարչական բաժանումները» թեմայով։

Արցախյան հերոսամարտի տարիներին Վարդանը մի խումբ ընկերների հետ հիմնադրել է Հայ ուսանողական դաշինքը և հրատարակել «Դաշինք» թերթը, որի գլխավոր խմբագիրն էր:

Վարդանը մտավորական էր, պատմագետ, նաև բանասեր ու մանկավարժ, օսմանագետ, արևելյան լեզուների, հատկապես` պարսկերենի ու արաբերենի մասնագետ, համալսարանական ասպիրանտ էր, դոկտորական ավարտաճառը պատրաստ էր, բայց մեկնեց Արցախ:

1990թ. մասնակցել է Արցախի գյուղերի պաշտպանության մարտերին: Մասնակցել է Բերձորի ինքնապաշտպանությանը։ Զոհվել է 1991թ. դեկտեմբերի 16-ին Հասանաբադ գյուղի մոտ: Վարդան Բախշյանը թաղված է «Եռաբլուր» պանթեոնում:

 

 

*

*