12-ամյա Մարտիկի մայրը վստահ է՝ երեխային հաշմանդամ չեն ճանաչում անապահով լինելու պատճառով

Մարտիկի մայրը պատմում է՝ հիվանդությունը տղայի մոտ 6 տարի առաջ է հայտնաբերվել: Հայրն է հարբած վիճակում տղայի գլուխը պատին հարվածել...

«Փարոս» սոցիալական ծառայությունում հաշվառված հազարավոր ընտանիքիներից մեկը 12-ամյա Մարտիկի ընտանիքն է: Եթե մյուս ընտանիքներում հիմնական խնդիրն օրվա հացն է, ապա այս ընտանիքը նաեւ տարիներ շարունակ պայքարում է անբուժելի հիվանդության՝ էպիլեպսիայի դեմ եւ հաշմանդամության խումբ ստանալու համար:

Մարտիկի մայրը՝ Գայանեն պատմում է՝ հիվանդությունը տղայի մոտ 6 տարի առաջ է հայտնաբերվել: Մոր խոսքով՝ հայրն է հարբած վիճակում տղայի գլուխը պատին հարվածել, դրանից հետո Մարտիկը մինչ օրս պարբերաբար վատանում է ու անհրաժեշտ դեղերն այդպես էլ չի ընդունում:

Տարիներ շարունակ Գայանեն բժիշկների խորհրդով անհրաժեշտ թղթեր է պատրաստում, բարերարներից գումար ձեռք բերում հետազոտությունների համար, սակայն մինչ օրս տղան հաշմանդամ չի ճանաչվում: Ըստ նրա՝ այս ամենի պատճառն իր ընտանիքի անապահով վիճակն է: Հակառակ կողմն էլ պնդում է. տղան չունի անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, որոնց հիման վրա հնարավոր է հաշմանդամության խումբ ձեւակերպել:

Երեւանի թիվ 4 ԲՍՓՀ նախագահ Աստղիկ Դալաքյանը չի ժխտում, որ երեխան ունի էպիլեպսիա:

«Դա ոչ մեկ չի ժխտում, սակայն այսօրվա դրությամբ դա բերո՞ւմ է հաշմանդամության՝ ոչ մեկ չի կարող գնահատել: Փաստաթղթային տեսքով չունենք տվյալ, թե ամսական միջինում նա քանի անգամ է ցնցում ունենում, իսկ դա պարտադիր պայման է»,- նշեց Աստղիկ Դալաքյանը:

Իսկ ինչ վերաբերում է գումարով հարցը լուծելուն, ապա ըստ Դալաքյանի՝ դա ավելորդ խոսակցություններ են:

Գայանեն ասում է՝ նրան այս տարիների ընթացքում ոչ մի բժիշկ մանրամասն չի բացատրել, որ ամենակարեւոր փաստաթղթերից մեկը շտապօգնությունների կանչերի գրանցման փաստն արձանագրելն է:

Ըստ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության աշխատակիցների, հաշմանդամությունը միայն հիվանդության առկայությունը չէ: Նրանց խոսքով՝ հաշմանդամություն սահմանելու համար անհրաժեշտ է, որ հիվանդության հետեւանքով առաջանա կենսագործունեության որեւէ տեսակի սահմանափակում եւ դրա ապացույցների արձանագրում:

Մարտիկի մայրը պատմում է, որ վաղուց արդեն շտապօգնությանը չի դիմում, քանի որ արդեն փորձառու է եւ գիտի՝ ինչպես խնամել երեխային ցնցումների ժամանակ, նաեւ հավելում է՝ եթե շտապօգնություն զանգի, կտանեն հիվանդանոց, իսկ ընտանքն ընդհանրապես գումար չունի:

Մանրամասները՝ տեսանյութում

*

*