Հաշմանդամություն ունեցողները կստանան որակյալ ծառայություն. Արթուր Կեսոյան

Կառավարության շենքի մոտ վաղ առավոտից հավաքվել էին հաշմանդամություն ունեցող անձինք․․․
hashmandamutyun

Պրոթեզարանի փակման խնդիր դրված չէ, մտահոգությունները, թե այս կամ այն պրոթեզարանը կդադարեցնի աշխատանքը, տեղին չեն:

Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ Արթուր Կեսոյանը: Նա անդրադարձավ վերջին օրերին մամուլում շրջանառվող այն դիտարկումներին, ըստ որոնց, նախարարության կողմից հայտարարված մրցույթում հաղթել է «Պրոթեզաօրթոպեդիկ» ՍՊԸ-ն, դուրս է մնացել գերմանական «Ինտերօրթո» ՍՊԸ-ն, որը երկար տարիներ ծառայություններ է մատուցել հաշմանդամություն ունեցող անձանց:

Արթուր Կեսոյանը նշեց, որ մրցույթը դեռ չի ավարտվել, և հայտնի չէ, թե որ ծառայությունների մասով որ ընկերության հետ է կնքվելու պայմանագիր: Դա պարզ կդառնա փետրվարի 6-ին:

«Չհաղթող կազմակերպություն չի լինելու, երկուսն էլ տարբեր չափաբաժիններով հաղթող են լինելու: Ասենք` վերին վերջույթի պրոթեզավորման մասով մեկ կազմակերպությունը կարող է հաղթել, ստորին վերջույթի մասով` մեկ այլ: Նորից եմ ասում, չկա չհաղթող կազմակերպություն, եթե, իհարկե, այդ կազմակերպությունները համապատասխանում են սահմանված չափանիշներին»,-ասաց Արթուր Կեսոյանը:

Կառավարության շենքի մոտ վաղ առավոտից հավաքվել էին հաշմանդամություն ունեցող անձինք, որոնք ծառայությունների որակի հետ կապված մտավախություն ունեն: Նրանք ցանկանում են շարունակել ծառայություններ ստանալ նույն պրոթեզարանից, աշխատել նույն բժիշկների հետ:

Արթուր Կեսոյանը վստահեցնում է, որ ծառայությունների որակի խնդիր չի լինելու:

Կառավարության շենքի մոտ բողոքող հաշմանդամություն ունեցող անձինք, ներկայացնելով իրենց մտահոգությունը, նշեցին, թե մտավախություն ունեն, որ  «Պրոթեզաօրթոպեդիկ» ՍՊԸ-ն չի մատուցի որակյալ ծառայություն, ինչպես անում էր  «Ինտերօրթո» ՍՊԸ-ն:

Արթուր Կեսոյանը նշեց, որ միջազգային չափանիշները հստակ սահմանված են և եթե մրցույթին մասնակցող կազմակերպությունը դրանց չի համապատասխանի, ապա վերջինիս հետ պայմանագիր չի կնքվի:

«Վստահեցնում ենք` չենք թույլ տալու անորակ դետալներ, անորակ աշխատանք»,-ասաց Արթուր Կեսոյանը:

Նա ընդգծեց, որ այնպիսի պայմաններ են ստեղծվում, որ մենաշնորհ չլինի:

«Թող լինի երրորդ, չորրորդ պրոթեզարան, և հաշմանդամություն ունեցող անձն ընտրի՝ որտեղից ինչ ծառայություն ստանա: Ի՞նչ խնդիր կա»,-հավելեց նա:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները