Եգոր Գլումով. «Առաջին եթերից հետո ինձ ազատեցին աշխատանքից»

Հարցազրույց հաղորդավար Եգոր Գլումովի հետ
Glumov

Հաղորդավար Եգոր Գլումովին հանդիպեցի «Ռադիո Վան»-ում, որտեղ նա սկսել և մինչև այժմ այնտեղ է շարունակում իր մասնագիտական գործունեությունը: Չնայած հաղորդավար դառնալու մասին երբևէ չի երազել՝ իրեն ռադիոյից դուրս չի էլ պատկերացնում:

Բժիշկների ընտանիքում ծնված, փոքրուց պատմության ուսուցչի, հնէաբանի մասնագիուտության մասին երազող Եգոր Գլումովը, ով տանել չէր կարողանում «մաթեմատիկա» առարկան, ավարտեց Պոլիտեխնիկական ինստիտուտն ու բոլորովին պատահական հայտնվեց ռադիոյում և հենց առաջին եթերից էլ հեռացվեց աշխատանքից: Խորհրդանշական է, որ այժմ այդ նույն ռադիոյում զրուցում եմ հաղորդավարության մեջ արդեն բազմամյա փորձ ունեցող Եգոր Գլումովի հետ նրա անցած ճանապարհից, մասնագիտական գործունեությունից, հաղորդավարի արվեստից և, ընդհանրապես, կյանքից:

Ես բանական մարդ եմ, հայր, ամուսին, հայ: Հունից դուրս եմ գալիս, երբ «Բարսելոնան» պարտվում է, երբ մարդիկ անտարբեր են, երբ ոմանք ինչ-որ բանով են զբաղվում, որից բացարձակապես տեղյակ չեն, ինձ հունից հանում են խցանումները, և երբ նեղացնում են երեխաներին:

Չեմ սիրում մենակ մնալ: Սիրում եմ մարդկանց հետ շփումը… Չկա ինչ-որ ռոմանտիկ անկյուն, այգի, որտեղ, գնամ նստեմ, մտածեմ, երազեմ… Չունեմ այդպիսի սովորություն:

Ինձ դեպի հաղորդավարություն տարավ դաժան կյանքը: Լրիվ հանկարծակի եմ եկել ռադիո, սկզբից աշխատում էի որպես ծրագրերի տնօրեն, հետո  սկսել եմ գովազդներ գրել, որովհետև գովազդ գրողները ինչ-ինչ պատճառներով բացակայում էին, հետո էլ սկսեցին բացակայել մեր հաղորդավարները, և այդ դեֆիցիտի պատճառով ուզած-չուզած ես էլ դարձա հաղորդավար:

Առաջին եթերից հետո ինձ ազատեցին աշխատանքից: 2002 թ.-ին երաժշտական պատվերով ծրագիր էի վարում, մի աղջնակ էր զանգահարել, ով պատվիրել էր Էնրիկե Իգլեսիասի երգերից, ես էլ չսիրելով այդպիսի երաժշտություն և չունենալով  խելք, փորձ, իմաստություն՝ շատ խնդրեցի, որ այդ աղջիկը Իգլեսիասին հայրանունով ներկայացնի: Եթերում հնչեց Էնրիկե Խուլիովիչ Իգլեսիաս, և ինձ հեռացրին եթերից: Այն ժամանակ եթերում այդպիսի բառեր օգտագործելը տաբու էր: Այդպիսով՝ առաջին եթերս շատ արագ ավարտվեց:

Միշտ ռադիոյին այլ կերպ եմ վերաբերվել: Լավ ռադիոհաղորդավարը հեռուստատեսությունում ոչ մի խնդիր չի կարող ունենալ: Ռադիոն ավելի անկեղծ է մնում, կա փորձ, որ լավ ռադիոհաղորդավարը կարող է դառնալ լավ հեռուստահաղորդավար, բայց լավ հեռուստահաղորդավարը չի կարող դառնալ լավ ռադիոհաղորդավար: Միշտ ռադիոյին այլ կերպ եմ վերաբերվել, դրանք տարբեր աշխարհներ են: Լավ ռադիոհաղորդավարը հեռուստատեսությունում ոչ մի խնդիր չի ունենա:

Երբեք չեմ ցանկացել որևէ մեկին նմանվել: Ուղղակի կան մարդիկ, որոնց  պրոֆեսիոնալիզմն ինձ դուր է գալիս: Շատ եմ հավանում Յուրի Դուձին, ցավոք, Հայաստանում քչերը գիտեն նրա մասին, իմ կարծիքով նա ամենալավն է Ռուսաստանում: Կուզեի Մեսիի նման ֆուտբոլ խաղալ, Արսեն Գալստյանի նման ձյուդոիստ լինել, բայց այժմ չկա մի հաղորդավար, որի նման կուզեի լինել, գուցե հետո լինի:

Լավ հաղորդավար լինելու ամենամեծ գաղտնիքը: Ամեն մարդ յուրովի կարող է լավը լինել: Հաղորդավարի մասնագիտության մեջ շատ կարևոր է, որ մարդը յուրովի լավը լինի, իր նման լավը:  Դա է լավ հաղորդավար լինելու ամենամեծ գաղտնիքը: Շատերն են երազում հաղորդավար դառնալ, թվում է՝ հեշտ է, թեթև է, քեզ բոլորը սիրում են, բոլորը ուզում եմ քո հետ նկարվել, բնակարաններ, ավտոմեքենաներ ես գնում, գեղեցիկ մարդկանց հետ ես շփվում: Իրականում այն շատ դժվար, դաժան աշխատանք է մնացած բոլոր աշխատանքների նման: Ամեն մարդու գործ չէ:

Եթերի ժամանակ հույս ունեմ, որ գոնե մի քանի հոգի ինձ լսում են: Հույս ունեմ, որ այն, ինչ ես ասում եմ այդ մի քանի հոգու համար, շատ կարևոր է: Լսարանի հետ հետադարձ կապը շատ էր զգացվում «Սասնա ծռերի» ժամանակ, երբ որ մենք ուղիղ եթերում այդ օրերին մեկնաբանում էինք՝ ինչ է տեղի ունենում, անսահմանափակ քանակի զանգեր ենք ստացել, որի նմանն իմ հաղորդավարական պատմության մեջ չեմ հիշում: Այդ ժամանակ հասկացանք, թե ինչքան մարդիկ են մեզ լսում:

Եթե անցած ճանապարհս փոխելու հնարավորություն ունենայի: Ինստիտուտ սովորելու փոխարեն կգնայի և կմասնակցեի Արցախյան պատերազմին: Միայն դա կփոխեի:

Այժմ մեր երեխաներն են մեզ դաստիարակում: Ես մի կարևոր բան եմ փորձում հասցնել իմ երեխաներին, որ ամեն ինչի համար պետք է պատասխան տալ՝ յուրաքանչյուր քայլի, խոսքի, մտքի համար անգամ: Պետք է պատասխանատու լինել կատարած քայլերի համար: Յուրաքանչյուր մարդ պետք է իր սխալներն անի, որ կարողանա սովորել: Շատ կուզեմ, որ տղաներս սպորտով զբաղվեն մինչև բանակ գնալը: Աշխատում եմ, որ նրանք դաստիարակվեն դիմացինի տեսնելով:

Հեղինակ՝

Հրաչուհի Ալմաստյան

*

*