Հանրային խորհուրդը մտահոգված է նոր Հարկային օրենսգքի որոշ հարցերով

Եկամտահարկի նոր դրույքաչափերի կիրառման տեսանկյունից քննարկվել է մասնավորապես ՏՏ ոլորտի և բանկային համակարգի աշխատողների վրա հարկային բեռի ավելացման հարցը:
Vazgen-Manukyan

Հանրային խորհրդում այսօր` հունիսի 21-ին, տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն Հարկային օրենսգրքի վերաբերյալ:

Ինչպես հայտնում է ՀԽ մամուլի պատասխանատու Անի Գասպարյանը, մինչ այդ ստեղծվել էր աշխատանքային խումբ, որի կազմում ընգրկվել էին ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, խորհրդի անդամներ Սամվել Ճզմաչյանը, Վազգեն Սաֆարյանը, Արմեն Տեր-Տաճատյանը, Հովիկ Մուսայելյանը, Արմեն Բալդրյանը և Հովհաննես Թադևոսյանը:

Նշվում է, որ քննարկման մասնակիցները բարձրացրել են Հարկային օրենսգրքի մի շարք դրույթների հետ կապված մտահոգություններ, քննարկել դրանց հնարավոր բացասական հետևանքները հարկային համակարգի, գործարար միջավայրի և ընդհանրապես երկրի տնտեսության զարգացման վրա: Եկամտահարկի նոր դրույքաչափերի կիրառման տեսանկյունից քննարկվել է մասնավորապես ՏՏ ոլորտի և բանկային համակարգի աշխատողների վրա հարկային բեռի ավելացման հարցը:

«Խիստ մտահոգություն է առաջացրել նաև շրջանառության հարկի շեմի նվազումը, որը, ըստ ՀԽ անդամների, լուրջ վնաս կարող է հասցնել փոքր և միջին ձեռնարկատերերին` հանգեցնելով սոցիալական ծանր հետևանքների»,- ասվում է տարածված հաղորդագրությունում:

Նշվում է, որ քննարկվել են նաև շահաբաժինների հարկման, ամորտիզացիաների ժամկետների երկարաձգման, հարկային կանխատեսելի դաշտի բացակայության խնդիրները, ինչպես նաև օրենսգրքի գաղափարա-փիլիսոփայական կողմը: Ներկաները կարևորել են առհասարակ Հայաստանում հարկահավաքման ոլորտում նոր մոտեցումների ընդունման անհրաժեշտությունը` նկատելով, սակայն, որ այդ առումով Հարկային օրենսգրքի ընդունմամբ որևէ փոփոխություն տեղի չի ունենում, այլ ընդամենը թվերն են փոփոխվում` նոր սոցիալական լարվածության հեռանկարով:

Փոխանցվում է, որ աշխատանքային խմբի անդամները պայմանավորվել են համապատասխան փաստաթուղթ մշակել, որը կներկայացվի Հանրային խորհրդի փոքր խորհրդի` հունիսի 23-ին տեղի ունենալիք նիստին, որից հետո Հանրային խորհրդում տեղի կունենա լայն քննարկում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, և այդ ամենի արդյունքում ձևավորված դիրքորոշումն ու առաջարկները կներկայացվեն Սերժ Սարգսյանին ու կառավարության ղեկավարին:

*

*