Անցնում են տարիները՝ խորդուբորդ արագությամբ

Նա ուսանողների հերթափոխը չի զգում, շոշափելի են միայն մաշված ավելներից աճող մաքուր փողոցները:
hamalsaran-terevner-ashun2 (1)
Լուսանկարները՝՝ Հրաչուհի Ալմաստյանի

Նա կաղ ու լուռ, միջին տարիքի, կյանքի անհամաչափությունն ու ստվերները դեմքին դրոշմած՝ շարունակում է իր գործն անել:

Կյանքի նպատակի, ապրելակերպի միակ և կարևոր ձևի նման մի բան է դարձել մաքրել, կարգի բերել համալսարանի բակը անփոփող եռանդով ու նվիրվածությամբ. կարծես ամեն թափված տերևի հետ դաշինք է կնքել չտրտնջալու աստիճան:

Ավելների լուռ հերթափոխի մեջ մաքրում, տանում է ուսանողների ոտնահետքերը՝ անհոգ կյանքով լի, ծույլ, նպատակասլաց: Նա ուսանողների հերթափոխը չի զգում, շոշափելի են միայն մաշված ավելներից աճող մաքուր փողոցները:

Ամեն անգամ կաղ, բայց կյանքի հետ լուռ համաչափությամբ քայլող կնոջը 10 տարվա վաղեմության մի հին ու ջերմ ժպիտ եմ նվիրում: Իմ կյանքում բազմաթիվ փոփոխություններ բերած 10 տարին նրա հայացքը ոչ մի գույնով չի ներկել ու չի փոխել ժպիտը նրա 10 տարվա վաղեմության:

Այդ հայացքն ինձ հարազատ մնաց, երբ առաջին անգամ եկա համալսարան ու հարցրի՝ որտեղ է ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Մինչ պահակները կհասցնեին կողմնորոշվել, նա արհամարհելով իր ոտքի բերած անհարմարությունները, նետվեց վայրկյան առաջ ինձ օգնելու և ինչպես մի մի շատ կարևոր պարտականություն՝ հանձ առավ ուղեկցել ինձ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ: Ոչինչ չէր խոսում կարճ, բայց երկար թվացող ճանապարհին:

Իմ առջև քայլեր էին՝ կյանքի ճանապարհի հետ կռիվ տվող խորդուբորդ արագությամբ: Տեղ հասանք, շնորհակալություն հայտնել չհասցրի,  չհասկացա ինչպես հեռացավ։

Ամեն անգամ համալսարան գալիս օդում կախված շնորհակալության ու արդեն 10 տարվա վաղեմության մի ջերմ ժպիտ եմ փոխանցում նրան:

Այնպես եմ ուզում՝ չզգա, որ տարիներն անցնում են՝ խորդուբորդ արագությամբ:

hamalsaran-terevner-ashun (1)

 

Հեղինակ՝

Հրաչուհի Ալմաստյան

*

*