Մարզահամերգային համալիրում չարաշահումներ են հայտնաբերվել. Նարեկ Բաբայան

Մարզահամերգային համալիրի տնօրենի պաշտոնի համար մրցույթ կհայտարարվի հունվարի վերջին
marzahamergayin-hamalir2

Մարզահամերգային համալիրում հայտնաբերված չարաշահումները կապված են եղել պահակախմբի աշխատակիցների թվի հետ, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը: Այս մասին տեղեկացնում է yerkir.am-ը։

«Տենդերը շահել են, որ պահակախմբում պետք է 24 հոգի աշխատի, բայց փաստացի 15 հոգի է աշխատում: Ամսական աշխատավարձի տարբերությունը շուրջ 1 մլն դրամի է հասնում, որը վճարվում է իրականում չկատարված գործի համար: Այստեղ ռիսկեր տեսնում ենք», — նշել է նա՝ հավելելով՝ կասկածներ կան, որ չարաշահումներ են տեղի ունեցել նաև սահադաշտ այցելած մարդկանց քանակը ցույց տալու հարցում. «Այն մուտքերը, որոնք ցույց են տվել, իրականությանը չեն համապատասխանում: Վստահաբար ավելի շատ մարդ է օգտվել սահադաշտից, քան ցույց է տրվել»:

Անդրադառնալով Մարզահամերգային համալիրի տնօրեն Վազգեն Ասատրյանի հետ պայմանագիրը չերկարաձգելուն՝ Բաբայանն ասել է, որ «պայմանագրի չերկարաձգման մասին Ասատրյանը ծանուցված է եղել դեռևս մայիս ամսից, բայց քանի որ դիմացը Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովն է եղել, նրանք որոշել են 5 ամսով  երկարացնել պայմանագրի ժամկետը, և դարձյալ մեկ ամիս առաջ Ասատրյանին տեղեկացվել է, որ իր հետ պայմանագիրը չի երկարաձգվելու»:

Բաբայանը տեղեկացրել է նաեւ, որ Մարզահամերգային համալիրի տնօրենի պաշտոնի համար անցկացվելիք նոր մրցույթը կհայտարարվի հունվարի վերջին, կլինի լայն իրազեկում, որ պոտենցիալ մասնակիցները կարողանան ներկայացնել իրենց ծրագրերը:

*

*