Գյումրիում նշվեց Ընտանիքի օրը

Անցկացվեց «Ընտանիքը հասարակության հիմքն է» խորագիրը կրող ֆորում:
gyumri-yntaniqi-or

Ընտանիքի միջազգային օրը Շիրակի մարզում նշանավորվեց մի շարք  միջոցառումներով:  Շիրակի մարզպետարանի նախաձեռնությամբ մայիսի 15-ին անցկացվեց  «Ընտանիքը հասարակության հիմքն է» խորագիրը կրող ֆորում:

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, ողջունելով և շնորհավորելով տոնական օրվա կապակցությամբ, կարևորեց ընտանիքի դերը՝ առողջ հասարակության հիմքում։

«Ընտանիքի օրը ևս մեկ առիթ է խոսելու ընտանիքի կարևորության և ամրության մասին։ Շիրակի մարզն այժմ բազմաթիվ մարտահրավերների առջև է կանգնած, այդ մարտահրավերները մեր ընտանիքներին էլ են վերաբերում՝ աղքատություն, անօթևանություն, այս ամենը մեր ընտանիքիներին ու երեխաներին են առնչվում։ Մենք անելիքներ ունենք բոլոր խնդիրները հաղթահարելու, մեր ընտանիքների ամրությունն ապահովելու համար։ Մեզ համար մեկ սկզբունք կա՝ ընտանիքն այլընտրանք չունի»,- ասաց նա:

Ընտանիքի օրվան նվիրված ժամանցային միջոցառում տեղի ունեցավ  նաև Գյումրու թատերական հրապարակում:

Ընտանիքի միջազգային օրը հաստատվել է 1993թ.՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից: Հայաստանում «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքով՝ Ընտանիքի օրն ամրագրվել է 2011 թվականին:

Արմենուհի Մխոյան

*

*