2018-ին Եվրամիության «թիրախում» Շիրակի մարզն է

Շիրակի մարզում հաջորդ տարի իրականացվելու են կարևորագույն ծրագրեր
svitalski-khachatryan

Շիրակի մարզում հաջորդ տարի իրականացվելու են կարևորագույն ծրագրեր՝ Եվրոպական միության օժանդակությամբ: Դրանք հիմնականում մշակույթի և ստեղծարար ոլորտներում իրականացվելիք նոր ծրագրերն են:

Այս մասին դեկտեմբերի 16-ին Գյումրիում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ընդհանուր առմամբ, դեսպանը 2017 թվականը լավ տարի է համարում ինչպես Եվրոպական միության, այնպես էլ ԵՄ-Հայաստան հարաբերությունների համար:

«2017 թվականին տոնում ենք Եվրոպական միության հիմնադիր փաստաթղթի՝ Հռոմի համաձայնագրերի 60-ամյակը, և տոնում ենք նաև Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերություններում նոր փուլ բացող՝ գործընկերության համընդգրկուն ու խորացված համաձայնագրի ստորագրումը: Մենք որոշեցինք գալ Գյումրի, քանի որ այն շատ եվրոպական քաղաք է և միակը Հայաստանում, որ ունի Եվրոպայի հրապարակ»,- նշեց դեսպանը՝ հայտարարելով Գյումրիում և Շիրակի մարզում իրականացվելիք նոր ծրագրերի մասին:

«2018 թվականին գործողությունների ծրագրով կենտրոնանալու ենք մի քանի ուղղությունների վրա. առաջին՝ ստեղծարար արտադրական գործունեության ոլորտ, հենց այստեղ, հանգուցային ծրագիրը իրականանալու է Գյումրիում, երկրորդ՝ շուտով կստորագրենք 1 միլիոն եվրոյի պայմանագիր՝ որով ներդրումներ կկատարվեն Ամասիայում՝ բրդի արտադրության շղթայի կատարելագործման նպատակով:

Ունենք նաև փորձնական ծրագրեր Աշոցքում և Արփիում՝ ուղղված բացօթյա զբաղմունքի, ժամանցի ու զբոսաշրջության խթանմանը»,-նշեց դեսպան Պյոտր Սվիտալսկին։

Մինչ ճեպազրույցը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարին ընդունեցին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ու Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը:

*

*