Գյումրեցի ընտանիքում 11-րդ երեխան է ծնվել

Շիրակի մարզպետը նշել է, որ պատրաստ է ընդունելու կնոջը՝ լսելու ընտանիքի խնդիրները:
khachatryanner

Գյումրիում Խաչատրյանների ընտանիքում 11-րդ երեխան է ծնվել: Լիլիթ Խաչատրյանը հուլիսի 21-ին լույս աշխարհ է բերել իր 11-րդ երեխային: 35 տարեկան կինը ծննդաբերել է Գյումրու ծննդատանը: Նորածինը՝ Դավիթը, ծնվել է 3 կգ 600 գրամ քաշով՝ բնական ճանապարհով: Տանը փոքրիկ Դավիթին արդեն սպասում են 5 քույր եւ 5 եղբայր, ավագն աղջիկ է՝ 17 տարեկան: Ընտանիքի հայրն արհեստավոր է՝  բնակարանների վերանորոգմամբ ու կահույքագործությամբ է զբաղվում:

Խաչատրյաններին առաջինը շնորհավորելու համար Գյումրու ծննդատուն ՓԲԸ  էր եկել Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը:

«Սա ցույց է տալիս, որ երկրի նկատմամբ մարդիկ վստահություն ունեն: Եթե  վստահություն չի լինում, փորձում են 1 կամ 2 երեխայով բավարարվել»,- նշեց մարզպետը՝  հավելելով, որ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո պատրաստ է ընդունելու կնոջը՝ լսելու ընտանիքի խնդիրները:

Մայրն «Արմենպրես»-ի հետ զրույցում խնդիրներից չդժգոհեց՝ ասելով ամեն մի երեխա իր «ղսմաթն» ունի: Բնակվում են քարով սարքած տնակում՝ 4 սենյակ, թեև ժամանակին կառավարությունը բնակարան տվել է, բայց 13 անդամ ունեցող ընտանիքն ամբողջ կազմով չի կարող բնակվել 3 սենյականոց բնակարանում:

«Խորհուրդ կտամ բոլոր մայրերին շատ երեխաներ ունենալ: Ճիշտ է դժվարություններ կան, բայց ամեն դժվարություն պետք է հաղթահարել»,- նշեց մայրը:

Արմենուհի Մխոյան

*

*