Գյումրիում կայացավ հայ-ռուսական զորամիավորումների համատեղ շքերթը

Շքերթը եզրափակեց Անմահ գունդը. գյումրեցիները կրում էին պատերազմում զոհված իրենց հարազատների նկարները
gyumri-shqert2

Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 74-ամյակին նվիրված Գյումրիի Վարդանանց հրապարակում կայացավ զորահանդես, որին մասնակցում էին ՀՀ զինված ուժերի Շիրակի մարզի զորամասերի և ՀՀ ռազմական դաշնակից ՌԴ ԶՈՒ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զորամասերը, սահմանապահ ջոկատը:

Շիրակի մարզպետի ու Գյումրու քաղաքապետի շնորհավորական ուղերձներից և ՀՀ և ՌԴ օրհներգներից հետո հրապարակն առաջինը մտնելու պատիվը Մեծ հայրենականի պատերազմ մեկնածների հանդերձանք հագած  զինվորներինն էր: Հայ-ռուսական զորամիավորումների քայլերթից հետո, հրապարակ մտավ նաև 102-րդ ռազմաբազայի մարտական նշանակության տեխնիկան:

Հայրենական Մեծ պատերազմի 74-ամյակին նվիրված տոնական շքերթը եզրափակեց Անմահ գունդը՝  գյումրեցիները կրում էին պատերազմում զոհված իրենց հարազատների նկարները:

Շքերթից հետո մարզային եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, զինվորականները եղան «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում, ծաղկեպսակ դրեցին Անմար կրակի մոտ: