Փողոցները լուսավորելով՝ Գյումրիում արտագաղթը չի կանգնի. քննարկում ԱԺ-ում

Քննարկվում էր «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագիրը։

ԱԺ-ում այսօր պատգամավորները քննարկեցին մեր երկրի ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2016 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագիրը։

14.6 մլն եվրոյի չափով վարկը կտրամադրվի 15 տարի ժամկետով՝ 3 տարի արտոնյալ ժամանակահատվածով, իսկ միջոցները նախատեսված են 16 կմ երկարությամբ փողոցների եւ մայթեզրերի վերանորոգման, ինչպես նաեւ էներգախնայող LED փողոցային լուսարձակների տեղադրման համար:

Վարկից բացի, ծրագրի համար 7.3 մլն եվրոյի չափով ներդրումային դրամաշնորհ, ինչպես նաեւ 1.94 մլն եվրոյի չափով տեխնիկական աջակցման դրամաշնորհ կտրամադրվի:

«Վարկային համաձայնագիրը նվեր չէ Գյումրիին, սա արվում է հանրապետության երկրորդ քաղաքը ներդրումների համար գրավիչ դարձնելու համար։ Վարկային համաձայնագիրը շատ մեծ պատասխանատվություն է։ Այստեղ դրված է լուրջ սկիզբ Գյումրիի վերանորոգման եւ բարեկարգման համար, սակայն սա աննպատակ չի արվում»,- իր ելույթում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը։

160 հազար եվրո էլ հատկացվելու է փողոցային կայանումը կազմակերպելու հարցով խորհրդակցության նպատակով: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի համար խորհրդակցության հատկացվելիք գումարներն են անհասկանալի, բայց համաձայնագրին կողմ են։

«Թեթև աթլետիկայի չեմպիոն պետք է լինել` Գյումրիի փողոցներով անվնաս անցնելու համար: Ուղղակի անտանելի է, և այնպիսի անտանելի վիճակ, ինչպիսին Գյումրիի փողոցներում են, որևէ այլ վայրում հնարավոր չէ հանդիպել»,- ասաց նա։

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ նկատեց, որ եթե գումարի հնարավորություն կա, արտադրություն է պետք ստեղծել: Նրա կարծիքով, փողոցների լուսավորությունը չի կանգնեցնելու գյումրեցու արտագաղթը:

«Ուզում ես գյումրեցուն իր հողի վրա պահես, իր երեխեքի գլխին պահես, գործ տուր, արտադրություն տուր, զարգացում տուր: Մեր վարկերը սպառողական վարկեր են, մեր վարկերը թամբալ մարդու վարկեր են»:

*

*