Gulf News-ի հատուկ թողարկումը՝ Հայաստանի գրավչությունների մասին

«Այնտեղ, ուր Արևելքը հանդիպում է Արևմուտքին»
gulf-news

Արաբական Միացյալ Էմիրություններում հրատարակվող, Միջին Արևելքի և Ծոցի երկրներում տարածվող անգլալեզու Gulf News օրաթերթը հատուկ թողարկում է նվիրել Հայաստանին՝ ներկայացնելով երկրի ներդրումային առավելությունները։

Երկրի իմիջն ու գործարար միջավայրը բացահայտող հոդվածները տպագրության է պատրաստել «Global FDI reports» գործակալության հրատարակչական տնօրեն Պաուլինա Գալարդոն։

Լրագրողների հետ կայացած ասուլիսի ժամանակ Պաուլինա Գալարդոն նշել է, որ բացի տպագիր տարբերակից  հասանելի է նաև օրաթերթի՝ Հայաստանին նվիրված հատուկ թողարկման էլեկտրոնային տարբերակը։

«Տպագիր տարբերակում և կայքում դուք կտեսնեք բոլոր հարցերն ու պատասխանները, հարցազրույցները, որոնք մենք վարել ենք այս թողարկման պատրաստման ժամանակ: Եվ ամենակարևորը նախագահ Սերժ Սարգսյանի հետ հարցազրույցն է. նա առատաձեռնորեն մեզ նվիրեց բավականին երկար ժամանակ` անդրադառնալով պետության զարգացման հեռանկարին»,-ասել է Պաուլինա Գալարդոն:

Նրա խոսքով` «Այնտեղ, ուր Արևելքը հանդիպում է Արևմուտքին» խորագրով հատուկ թողարկման մեջ անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի ընթացիկ տնտեսական վերլուծությանը, ներդրումային հզոր ներուժ ունեցող ոլորտներին (բանկային համակարգ, վերականգնվող էներգետիկա, տուրիզմ, արդյունաբերություն և այլն), առևտրային արտոնյալ ռեժիմներին, ՀՀ-ԱՄԷ, ինչպես նաև Ծոցի երկրների հետ հարաբերություններին:  Հայաստանի տեխնոլոգիական առաջընթացը ներկայացնող հատվածն էլ վերնագրվել է «Կովկասի Սիլիկոնային հովիտը»:

*

*