Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնը 3 տարեկան է

ԳՏԿ-ի և Շիրակի մարզպետարանի միջև կնքվեց համագործակցության հուշագիր
gtk-marzpetaran

Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի  և Շիրակի մարզպետարանի միջև կնքվեց  համագործակցության հուշագիր, համաձայն որի՝ Գյումրիի 10 դպրոցի 150 աշակերտ «Ինֆորմատիկա» առարկայի դասերը կանցկացնեն կենտրոնի տեխնիկապես վերազինված  դասասենյակներում:

Սա միակ նախաձեռնությունը չէ, որ Գյումրիի Տեխնոլոգիական կենտրոնն իրականացնելու է: Առաջիկա ծրագրերը շատ են ու  բազմաբնույթ, այդ թվում՝ նաև Yandex ծրագրավորման դպրոցի բացումը:

Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնը ստեղծվել է ՀՀ կառավարության, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Համաշխարհային բանկի համագործակցության արդյունքում: 2014 թ. հունվարի 9-ին կառավարության որոշմամբ ԳՏԿ գործունեության ծրագրի իրականացման գլխավոր օպերատոր է ճանաչվել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը: 2014 թ. սեպտեմբերի 13-ին տեղի ունեցավ ԳՏԿ-ի պաշտոնական բացման արարողությունը:

«Նորակառույց և ժամանակակից շենքում իր գործունեության երեք տարում Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնը գրանցել է լուրջ հաջողություններ: Դրանցից առաջնայինը բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների պատրաստումն է,  համագործակցությունը Համաշխարհային բանկի Վաշինգտոնի գրասենյակի և այլ միջազգային պատվիրատուների հետ: Կենտրոնում տեղակայված են ու ակտիվ գործունեություն են ծավալում 25 կազմակերպություն»,- ասաց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն  Բագրատ Ենգիբարյանը:

Ավելի  ուշ Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի մեծ դահլիճում տեղի ունեցավ  այս երկու կենտրոնի գործունեությանը նվիրված միջոցառում, որին ներկա էին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, պետական կառույցների, ՏՏ ոլորտի, ՀԿ-ների ներկայացուցիչներ և ոլորտի ուսանողներ:

*

*