Գրքի տոնին պատրաստվելիս. փոքրիկները՝ մանկապատանեկան գրքի ցուցահանդես վաճառքին

Երեխաներին հատկապես գրավում են նկարազարդումներով գրքերը:

Մարիամն առաջին դասարանում է սովորում, քույրիկի ու մայրիկի հետ եկել է գիրք գնելու. մեկն իր համար են ընտրել, մյուսը՝ քույրիկի:

Մանկապատանեկան գրքի երեւանյան 13-րդ ցուցահանդես-տոնավաճառը մեկ հարկի տակ է հավաքել հրատարակիչներին ու ընթերցողներին՝ գրքի տոն դառնալով ոչ միայն փոքրիկների, այլեւ նրանց ծնողների համար:

«Նվեր՝ զինվորին» պիտակն է փակցվում բոլոր այն գրքերի վրա, որոնք տոնավաճառի այցելուները գնում են զորամասեր ուղարկելու համար: Հրատարակիչներն այդ գրքերի համար հատուկ զեղչեր են սահմանել: 4-ամյա Մհերը դեռ տառաճանաչ չէ, մայրիկին է խնդրել մակագրել գիրքը:

«Մակագրել ենք փոքրիկ Մհերից՝ սիրելի զինվորին»,- ասում է մայրը:

Մհերն արդեն որոշել է՝ ինքն էլ է զինվոր դառնալու, իսկ մինչ այդ ուզում է, որ զինվորներն իր սիրելի հեքիաթը կարդան:

Տաղավարներից մեկի պատասխանատուն ասում է՝ երեխաներին հատկապես գրավում են նկարազարդումներով գրքերը:

Էլինար Մուրադյանը 37 տարվա աշխատանքային փորձ ունի: Այս տարիներին գրքի նկատմամբ հետաքրքրության նվազման միտում չի տեսել, ամեն ինչ անում են երեխաների մոտ գրքի, ընթերցանության հանդեպ սեր առաջացնելու համար:

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում գրքի տոնը շարունակվելու է մինչեւ փետրվարի 21-ը: Այդ ընթացքում բազմաբնույթ միջոցառումներ են նախատեսված փոքրիկների, եւ ինչո՞ւ չէ, նաեւ մեծերի համար:

Պատրաստեց՝

Անի Ռափյանը

*

*