«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում շուրջ 300 միլիոն դրամի խախտումներ են արձանագրվել. նախարար

Հիվանդները բուժօգնություն չեն ստացել, բայց պետությունից գումարներ են գանձվել
grigor-lusavorich

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում հայտնաբերված չարաշահման դեպքերի հետքերով ստուգումներ են իրականացվում նաև այլ խոշոր բուժհաստատություններում: Հուլիսի 19-ին լրագրողների հետ ճեպազրույցում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ ունեն ստուգումների պլան, որում ներառվել են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հիվանդանոցներ: Ինչ վերաբերում է վերոնշյալ բուժհաստատության չարաշահման դեպքին, ապա դրա առնչությամբ նյութերն ուղարկվել են դատախազություն:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում խախտումներ հայտնաբերվել են, դրա մասին հաղորդագրությունն ուղարկվել է դատախազություն՝ պարզելու համար կա՞ն արդյոք քրեական գործի տարրեր: Խախտումների հիմնական բնույթը չբուժված հիվանդների համար գանձված գումարներն են, այսինքն՝ պացիենտները հիվանդանոց չեն պառկել, բուժօգնություն չեն ստացել, բայց պետությունից գումարներ են գանձվել: Խոսքը մոտ 300 միլիոն դրամի մասին է»,-ասաց Արսեն Թորոսյանը:

Մանրամասնելով՝ նախարարը նշեց, որ նշյալ բուժհաստատությունում պետության կողմից հատկացվող սոցփաթեթի շրջանակներում բուժզննում անցած անձանց 90 տոկոսը ձևակերպվել է որպես ստացիոնար բուժում ստացող, նրանցից յուրաքանչյուրի համար գանձվել է 100-200 հազար դրամ, բայց վերջիններս չեն ստացել բուժում:

Արսեն Թորոսյանի խոսքով՝ երեկ իր ստորագրած հրամանով նախարարության աշխատակիցները կարող են նաև օպերատիվ կերպով ստուգումներ իրականացնել բուժհիմնարկներում՝ հիմնականում հիվանդների շարժը երեկոյան ժամերին ուսումնասիրելու նպատակով:

*

*