Գրին քարտի խաղարկության մեկնարկը տրված է

Այն կավարտվի 2017թ. նոյեմբերի 22-ի կեսօրին՝ արևելյան ստանդարտ ժամանակով:
azatutyan-ardzan

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարում է խաղարկային վիզաների կամ գրին քարտի խաղարկության 2019թ. ծրագրով հայտերի ընդունման մեկնարկը: Գրանցման նոր շրջանը սկսվել է հոկտեմբերի 18-ի կեսօրին՝ արևելյան ամառային ժամանակով և կավարտվի 2017թ. նոյեմբերի 22-ի կեսօրին՝ արևելյան ստանդարտ ժամանակով: Այս մասին տեղեկանում ենք  Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանությունից՝ հավելելով. «Տեխնիկական խնդիրներով պայմանավորված 2019թ. խաղարկային վիզաների ծրագրով մասնակիցների գրանցումը սկսվում է նորից, և բոլոր նրանք, ովքեր խաղարկության մասնակցության համար գրանցվել են մինչև 2017թ. հոկտեմբերի 18-ը, պետք է ևս մեկ անգամ գրանցվեն, որպեսզի հայտը մասնակցի խաղարկությանը: Հասկանում ենք, որ սա անհարմարություն է ստեղծում արդեն իսկ գրանցված անձանց համար, սակայն գործընթացի ամբողջականությունն ու անաչառությունը ապահովելու համար, մենք ստիպված ենք գրանցումը նորից սկսել:

Մինչև հոկտեմբերի 18-ը ներկայացված հայտերը չեն մասնակցի խաղարկությանը: Այդ ժամկետում գրանցված բոլոր մասնակիցները պետք է ևս մեկ հայտ ներկայացնեն գրանցման համար սահմանված նոր ժամկետներում: Նոր հայտի գրանցումը պատճառ չի հանդիսանա, որ անձը մեկից ավելի հայտ ներկայացնելու հիմքով զրկվի խաղարկությանը մասնակցելու հնարավորությունից: Սակայն գրանցման համար սահմանված նոր ժամկետներում մեկից ավելի հայտ ներկայացնելու դեպքում, խաղարկությանը մասնակցելուց որակազրկվելու պահանջը շարունակում է ուժի մեջ մնալ: Ծրագրին մասնակցելու մնացած բոլոր պայմանները մնում են անփոփոխ:

Գրանցման համար անհրաժեշտ է 6 ամսից ոչ ավելի վաղեմության լուսանկար: Այն հայտերը, որոնցում կլինի անցյալ տարվա հայտում օգտագործված լուսանկարը, չեն մասնակցի խաղարկությանը: Գրանցումից հետո անհրաժեշտ է պահել հաստատման թերթիկը, որտեղ մասնակցի եզակի համարանիշն է:

Հայտը լրացվում է էլեկտրոնային եղանակով խաղարկային վիզաների ծրագրի պաշտոնական կայքում, հասցեն՝ dvlottery.state.gov: Հայտի կարգավիճակը՝ շահել-չշահելու հանգամանքը հնարավոր կլինի ստուգել dvlottery.state.gov կայքում 2018թ. մայիսի 15-ից սկսած մինչև 2019թ. սեպտեմբերի 30-ը: Այս մասով որևէ հետաձգում այս պահին չի սպասվում:

Զգուշացեք խաբեությունից. խաղարկային վիզաների ծրագրի հետ կապված շրջանառվում են փոստային ու էլեկտրոնային կեղծ նամակներ։

Կարևոր է հիշել, որ վիճակախաղում շահելը դեռևս ներգաղթային վիզա ստանալու երաշխիք չէ: Ներգաղթային վիզայի իրավասությունը որոշվում է հարցազրույցի միջոցով»:

 

*

*