Գործազրկության վտանգի առաջ կանգնած 3000 մարդ աշխատանքի է ընդունվել

Աշխատանքի անցնելով «Վեոլիա ջուր» ընկերությունում, դրանց աշխատակիցները պետական սեկտորից տեղափոխվել են մասնավոր:
sona-martirosyan

Հայաստանի Հանրապետության խմելու ջրի համակարգը սպասարկող նախկին 5 ընկերությունների բոլոր աշխատակիցներն այս պահի դրությամբ աշխատանքի են ընդունվել «Վեոլիա-Ջուր» ընկերության կազմում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը: Նա մանրամասնեց, որ աշխատակիցներից միայն մի քանիսի հետ խմելու ջրի նոր օպերատորը պայմանագիր չի կնքել:

«Մյուս բոլոր մարդիկ՝ շուրջ 3000 հոգի, ովքեր 2017 թ. հունվարի 1-ից կանգնել էին գործազրկության վտանգի առաջ, այս պահի դրությամբ, այլևս նման խնդիր չունեն: Հետագայում, «Վեոլիա-Ջուր» ընկերությունը՝ համաձայն իր կողմից ներկայացրած բիզնես պլանի, որը նաև պայմանագրի մաս է, մարդկային ռեսուրսների կարողությունների հզորացմանն ուղղված միջոցառումներ կիրականացնի, որից հետո արդեն կհստակեցնի այն չափանիշները, որոնց պետք է համապատասխանեն իր աշխատակիցները: Այդ տրամաբանությունից ելնելով էլ ընկերությունն արդեն կորոշի՝ շարունակե՞լ այդ մարդկանց հետ հետագա համագործակցությունը, թե ոչ»,- հստակեցրեց Մարտիրոսյանը:

Մամուլի քարտուղարը նաև շեշտեց, որ նախկինում գործող 5 օպերատորներից 4-ը՝ բացի «Երևան ջուր» ընկերությունից, աշխատել են կառավարման պայմանագրի շրջանակներում: Ըստ այդմ՝ աշխատանքի անցնելով «Վեոլիա ջուր» ընկերությունում, դրանց աշխատակիցները պետական սեկտորից տեղափոխվել են մասնավոր:

Ընթացիկ տարվա հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործում է խմելու ջրի միասնական օպերատոր՝ «Վեոլիա-Ջուր» ընկերությունը, որն առաջիկա 15 տարիների ընթացքում վարձակալության հիմունքներով կիրականացնի խմելու ջրի կենտրոնացված համակարգի սպասարկումը: Մինչ այս գործող 5 ընկերությունները՝ «Երևան ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Նոր Ակունք», «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Շիրակ-ջրմուղկոյուղի», դադարեցրել են ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցումը՝ պայմանագրային լիազորությունների ավարտով պայմանավորված:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները