Գլխացավի դեմ նոր դեղահաբ գիտե՞ք

Սիրտդ նախ գլխումդ է խփում, հետո զարկերը ցավի հետ տարածվում են ողջ մարմնովդ...
tsav-kin

Գլուխդ այնպես է ցավում, որ ցավը նաեւ ձեռքերդ են զգում, ոտքերդ, մեջքդ… Ծիծաղելի է, բայց անգամ շունչդ է վախենում ապրել. ինքը դուրս գալիս բոլորից ուժեղ է զգում ցավը: Բայց ավելի ծիծաղելի է, երբ ցավը զգում է հոգիդ (երբեւէ ֆիզիկական ցավը զգացե՞լ եք հոգով):

Դեղահաբերի մասին պետք չէ հիշեցնել. երբեմն ամենահասարակ ցավերն ամենաուժեղ դեղերով էլ չես մեղմի: Ամեն դեպքում մի քանիսը փորձել եմ. եթե ավելի լավ տարբերակ գիտեք, գլխացավի դեմ ձեր դեղատոմսն ասե՛ք:

Ցավը մինչեւ հոգիդ կրելով՝ փորձում ես գուշակել՝ մտքերի քաոսի՞ց է այն ծնվել, թե՞ քաոսը զուտ ցավի հետեւանքն է: Հարցը հռետորական է դառնում՝ նման այն մեկին՝ առաջ ձո՞ւն է եղել, թե՞ հավը: Փորձում ես քաոսի միջից գոնե այդ մեկը դուրս հանել ու մի կողմ նետել. մյուսների դեմ պայքարել անզոր ես: Ու էլի հռետորաբանությանն ես դառնում՝ քաոսը քեզնից առա՞ջ է ծնվել, թե՞ նրա համար առաջացման լավ տարբերակ ես դարձել:

Սիրտդ նախ գլխումդ է խփում, հետո զարկերը ցավի հետ տարածվում են ողջ մարմնովդ… Մի պահ հավաքում ես քեզ, թափ ես տալիս մարմինդ, զարկերը գետնին են լցվում ու անհետանում, բայց քեզ ավելի վատ տարբերակի հետ են թողնում՝ դողէրոցքի նման մի բան է հեռվից գալիս ու մտնում մեջդ:

Փորում ես քաոսը ու միջից քիչ պատահած լուսավոր բաներից ես գտնում: Պատահա՞ծ: Էլի ծիծաղելի է (այսօր ծիծաղելի բաները շատ են): Տարիներ առաջ հիշողությանդ ամենահեռավոր անկյուններում պահած ճերմակ աչքերն ես պեղում: Հա, ճերմակ էին, լավ հիշում ես երազդ. երբեք այդքան մաքուր, պարզ, խաղաղ աչքեր չէիր տեսել, որոնցում, ինչպես հայելու մեջ, արտացոլանքդ էիր անգամ տեսնում, ու որոշեցիր, որ նրա աչքերը ճերմակ էին: Ինչքա՜ն երկար զրուցեցիք մի քանի վայրկյան տեւած երազումդ. երբեք ոչ ոքի հետ այդպես չէիր զրուցել: Իրականում ճերմակ աչքերի երբեք չհանդիպեցիր, այլապես կնայեին քեզ, ու սովորություն դարձած, անամոթաբար մինչեւ հոգիդ հասած ցավը կհալվեր կամ կգոլորշիանար, ու դու կմոռանայիր նրա մասին, ինչպես նախընտրում ես մոռանալ ամեն վատ բան: Մոռանո՞ւմ: Դե լավ, փորձում ես, աստիճանաբար կստացվի. դու գիտես, որ պետք է կառչել լավից, որովհետեւ ի վերջո, ուզես, թե չէ, ապրել է պետք, իսկ ապրելիս պետք է ժպտալ: Ապրե՞լ: Հա, էլի եմ ծիծաղում, որովհետեւ այդպես էլ չսովորեցիր ապրել…

Չէ, ցավը չի անցնի. ինքդ ես թողել, որ լավ տնավորվի քո մեջ. անգամ ամենասիրածդ երաժշտությունը փրկօղակ չի դառնա: Երբեմն, կախված տրամադրությունից, իրեն խելոք կպահի, բայց կլինեն օրեր, որ առանց մեկ վայրկյան դադարի արյանդ հետ կհոսի երակներովդ: Իհարկե կուզես ազատվել նրանից (հո հիմար չես), բայց համապատասխան դեղահաբ չես գտնի:

Եթե մտքներովդ ամեն դեպքում ինչ-որ դեղի անուն գա, վատ չի լինի, բայց մի մոռացեք, որ ամենահասարակ գլխացավը մետազտազներով մինչեւ հոգին է հասել, ու ինչ-որ հատուկ, համապատասխան մի բան է պետք. չէ՞ որ եթե կա խնդիր, պետք է դրա լուծումն էլ լինի:

Հեղինակ՝

Անի Ռափյան

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները