«Քո՛ւրս, ես գիրքը բոլորի նման չեմ կարդում…»

Գրքերի աշխարհին այդքան մոտ ու գրքերից այդքան հեռու գրավաճառը «փիլիսոփայում էր»...
girq2

«Քո՛ւրս, ես գիրքը բոլորի նման չեմ կարդում, հենց վերցրի ձեռքս, մի քանի էջ սկզբից եմ կարդում, մի քանի էջ վերջից, հետո ամբողջը միանգամից հուպ եմ տալիս»:

Հերթական անգամ գետնանցումների տակ ամենաթանկը՝ ամենաէժանը վաճառվող գրքերի շարքն ինձ անտարբեր չթողեց: Հերթով հարցնում եմ ինձ դուր եկած գրքերի գներն ու մտածում, ինչքան կտեղավորվի ձեռքերիս մեջ ու աշխատավարձիս սահմաններում:

«Ուզում եմ բոլորը տուն տանել…»,

Գրքերի աշխարհին այդքան մոտ ու գրքերից այդքան հեռու գրավաճառը «փիլիսոփայում էր» բոլոր այն գրքերի մասին, հեղինակների մասին, որին հայացքս կանգ էր առնում: Սևակը, Սահյանը, Օշո, Կոբե Աբե, հա, մի անգամ, այդ հեղինակները, բոլորը…չէի լսում… նրանից մտքերս հասան այն երիտասարդին, ով դրսում նստած գիրք կարդալու համար ինձ քաղցրավենիք ու հյութ նվիրեց.

«Սա կեր ու նոր կարդա, հիմա շատ քիչ են կարդացողները»

Եվ հարևան տատիկին, որ մինչև հիմա ինձ հարցնում է «Բալե՛ս, դու էսքան տարի չսովորեցի՞ր-վերջացրիր»:

Գրքի հանդեպ երիտասարդների ընկալումները տարբեր են. սիրում են, չեն սիրում, մոդայիկ է, անհրաժեշտ է…

«Եթե գրքի կինոն լինում է, նախընտրում եմ կինոն նայել, կարդալ այդքան էլ չեմ սիրում»,-ասում է 32-ամյա Նարեկ Մանասարյանը և հավելում,-«Գիրք վերջին անգամ ձեռքս վերցել եմ ուսանողական տարիներին՝ միայն մասնագիտական գրականություն կարդալու համար»:

Գոռ Նալբանդյանին գրքերը շարունակում են հետաքրքել: Այժմ ուսումնասիրում է Բուսիդո՝ ճապոնական սամուրայների վարքականոնները, ինչպես նաև մարքեթինգի և կառավարման հիմունքներ,  «Խաչագողի հիշատակարանն» ու «Կոմս Մոնտե Քրիստո»-ն էլ նրա ամենասիրած գրքերն են բոլոր ժամանակների համար.« Գիրքն ինձ համար գործիք է՝ գիտելիքի աղբյուր, որով կարելի աշխարհն ավելի լավը դարձնել»:

«Ալարկոտ եմ դարձել, էլ չեմ ուզում կարդալ, մի տեսակ գրքերի մեջ հետաքրքրություն չեմ տեսնում»,- ասում է 24-ամյա Ջիվան Ավետիքյանը:

«Գիրքն ինձ համար արժեք է: Թվում է՝ կյանքիս բոլոր ժամանակների համար ինձ ուղարկվում են իմ գրքերը և ստիպում կարդալ: Ամենասիրածս վայրը գրադարաններն են, երբ անգամ գրքերով եմ շրջապատված ինձ լավ եմ զգում: Սիրում եմ գիրք նվիրել, ինչ ուզում եմ փոխանցել, գրքով եմ փոխանցում»,-ասում է Արմինե Գևորգյանը:

Մասնագիտությամբ իրավագետ 24-ամյա Նաիրի Ղուլյանն էլ միայն մասնագիտական գրականություն է կարդում:

Մասնագիտությամբ բանասեր 22-ամյա Արշակ Պողոսյանի համար էլ գրքերը մեծ արժեք ունեն. «Երեկ լսարանով քայլում էի, ուսանողներից մեկի սեղանին Շիրվանզադեի «Արամբի»-ն էր դրված: Շատ էի ուզում կարդալ, այլ տեղերում չէի գտնում: Իմացա առաջին 40 րոպեն չի գալու, վերցրեցի և սկսեցի կարդալ: Հետո խնդրեցի՝ տվեց ինձ, մեկ օրում կարդացի և վերադարձրի»:

Ինչ խոսք, բախտավոր են նրանք, ովքեր գտել են իրենց գոնե մի քանի գիրք-ընկերներին: Լավ ընկեր է, անդավաճան խորհրդատու, հաճելի սեղանակից, ներքին ձայն՝ «լուռ» ու խորհրդավոր՝ գիրքը։

Հեղինակ՝

Հրաչուհի Ալմաստյան

*

*