Դասադուլը շարունակվելու է նույնիսկ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ․ Գեւորգ Գյուլումյան

Ինչ վերաբերում է ուսանողների հետ հանդիպման ձևաչափին, ապա, ըստ Գյուլումյանի, այն պետք է լինի լրատվամիջոցների առաջ բաց, այսինքն՝ ուղիղ եթերով:
gevorg-gyulumyan-ert-boxoq

Մենք ծանոթացանք ԿԳՄՍ նախարարության հայտարարությանը՝ հանրությանը հուզող թեմաների շուրջ քննարկումներ սկսելու մասին. մեր օրակարգը չի փոխվում դրանից. Yerkir.am-ին հայտնեց ԵՊՀ ուսանող և ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող բողոքի ակցիայի նախաձեռնող անդամներից Գևորգ Գյուլումյանը:

«Այս պահին շարունակվում է դասադուլը և շարունակվելու է նույնիսկ հանդիպման ժամանակ և այնքան ժամանակ՝ մինչև մենք ստանանք մեր հարցերի պատասխանները, որոնք կբավարարեն մեզ»,- հավելեց նա:

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարությունն այսօր հայտարարություն էր տարածել, որում նշվում է, որ առաջիկա օրերին նախատեսվում է նախարարի և նախարարության այլ ներկայացուցիչների հանդիպումը շահագրգիռ կողմերի հետ՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի քննարկման համար:

Գյուլումյանը նշեց, որ հանդիպման ձևաչափը պետք է որոշեն նաև իրենք, իսկ պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպմանը, եթե լինի առանձին հանդիպում, պետք է մասնակցի ոչ պակաս, քան 25-30 դասախոս:

Ինչ վերաբերում է ուսանողների հետ հանդիպման ձևաչափին, ապա, ըստ Գյուլումյանի, այն պետք է լինի լրատվամիջոցների առաջ բաց, այսինքն՝ ուղիղ եթերով:

«Բաց քննարկման կոչ ենք անում: Բոլոր լրատվամիջոցները պետք է լինեն, և չենք պատրաստվում 3-4 հոգով գնալ քննարկման. հանդիպմանը մասնակցող խումբը պետք է ձևավորվի և′ համալսարանից, և′ ՀՅԴ ՀԵՄ-ից: Եթե նախարարը փորձի մեզ հրավիրել 3-4 հոգով, մենք չենք պատրաստվում գնալ հանդիպման»,- նշեց նա:

Ուսանողական շարժման ներկայացուցիչը ավելացրեց՝ որևէ զիջում չի լինելու: «Մենք քաղաքակիրթ մարդիկ ենք, ընդունում ենք նախարարի՝ կլոր սեղանի շուրջը  նստելու առաջարկը, բայց գոյություն ունի հստակ ձևաչափ՝  նախաձեռնող խմբի բոլոր անդամները պետք է ներկա լինեն, իսկ մեր առաջ քաշած բովանդակային հարցերի մասով որևէ հետ քայլ չի լինելու»,- հայտարարեց Գևորգ Գյուլումյանը՝ հավելելով, որ նախարարը ցանկանում է՝ թող հանդիպի, իրենք իրենց պահանջի տերն են, հարցերը պետք է լուծում ստանան, իսկ նախարարին տուն ուղարկելու օրակարգն ուժի մեջ է:

Հիշեցնենք՝ արդեն մեկ շաբաթ է, ինչ տեղի է ունենում համաուսանողական բողոքի ակցիա: Ուսանողները հայտարարել են, որ պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, քանի որ նա անհամատեղելի է զբաղեցրած պաշտոնի հետ:

*

*