Ադրբեջանում հայ ռազմագերիների հնարավոր առկայության մասին հայկական կողմը դեռ տեղեկություն չունի

Ակնկալվում է հարցը ճշտել «Կարմի խաչ»-ի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջամտությամբ:
karmir-khach

azatutyun.am — Հայկական կողմը դեռևս հստակ տեղեկություններ չունի՝ կապված Ադրբեջանում հայ ռազմագերիների հնարավոր առկայության հետ: Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Ադրբեջանի իշխանություններն այդ մասին պաշտոնապես ոչինչ չեն հայտարարել: Բաբայանը, սակայն, չբացառեց, որ չհայտարարելու համար կարող են և որոշակի դրդապատճառներ լինել:

«Պետք է ճշտենք՝ կա՞ն, թե՞ չկան, եթե ինքը [Ադրբեջանը] չի հայտարարում՝ ի՞նչ է եղել այդ մարդկանց ճակատագիրը, թաքցրել են, թե՞ ինչ են արել․․․բայց այս ամենը պետք է ճշտվի, ակնկալում ենք, որ կճշտվի նաև «Կարմի խաչ»-ի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջամտությամբ: Իհարկե՝ այստեղ գտնվող համանախագահների հետ այդ ամենի մասին ևս խոսվել է, և պետք է քայլեր ձեռնարկենք այդ ուղղությամբ»,- ասաց Բաբայանը:

Հայկական կողմն ավելի վաղ հայտնել էր, որ ադրբեջանցի գերիներ չունի: Ըստ Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակի՝ ունենալու դեպքում իրենք կդիմեին «Կարմիր Խաչ»-ի միջազգային կոմիտեին։

«Կարմիր Խաչ»-ի հայաստանյան գրասենյակից փոխանցեցին, որ ռազմագերիների վերաբերյալ փաստերի չեն տիրապետում:

*

*