Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 2-ը...
hogevor-joxov (1)

Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 2-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցան Գերագույն հոգևոր խորհրդի ընդլայնված կազմով հերթական ժողովի նիստերը:

Մինչ օրակարգում ընդգրկված հարցերի քննությունը խորհուրդը հաստատեց նախորդ` 2018 թ. մայիսի 29-ից հունիսի 1-ը գումարված ԳՀԽ ժողովի արձանագրությունը:

Քննարկումների արդյունքում որոշվեց առաջիկա տարի գումարել Ազգային-եկեղեցական ժողով «Հայոց Եկեղեցին 21-րդ դարում. ներկա և ապագա» խորագրով: Քննության առնվեցին ժողովի օրակարգում ընդգրկվելիք հարցերը:

Ժողովի երկրորդ նիստին Եկեղեցի-պետություն հարաբերությունների մասին զեկույց ներկայացրեց Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Կոմիտաս վարդապետի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանների առնչությամբ զեկույցով հանդես եկավ Մայր Աթոռի Թանգարանների տնօրեն Արժանապատիվ Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը` տեղեկացնելով, որ հոբելյանների կազմակերպման համար ստեղծվել են պետական հանձնաժողովներ Մայր Աթոռի ներկայացուցչի մասնակցությամբ: Լսելով ներկայացված զեկույցը` Գերագույն հոգևոր խորհուրդը կարևոր նկատեց, որ  հիշյալ հոբելյանները պատշաճորեն նշվեն նաև Մայր Աթոռում և Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերում:

Ժողովի երրորդ օրը Հայոց Եկեղեցու գործառնությունների բարելավման ծրագրի ընթացքի վերաբերյալ զեկույց ներկայացրեց «Դավիդյան» հիմնադրամի նախագահ և բարեգործ Ասո Դավիդյանը։

ԳՀԽ անդամները քննության առան Եվրոպայում եկեղեցական կառույցների վերակազմակերպման հարցը: Խնդրի մասին տեղեկություններ փոխանցեց Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը` ներկայացնելով Եվրոպայի երկրների հայկական համայնքների համայնապատկերը` հայկական բնակչության վիճակագրությամբ և եկեղեցական-վարչական կառուցվածքում դրանց կարգավիճակով:

Ժողովն ավարտվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով:

Ժողովը փակվեց հայրապետական «Պահպանիչ» աղոթքով:

*

*