Գեղաքար գյուղի միջնակարգ դպրոցը երկրորդ աշակերտը կունենա

...ևս երկու երեխա են մեծանում, ովքեր մոտակա տարիներին կհամալրեն աշակերտների կազմը:
geghaqar

Գեղարքունիքի մարզի Գեղաքար գյուղի միջնակարգ դպրոցը պատմական ձեռքբերում է ունեցել այն բանից հետո, երբ այդ հաստատության միակ աշակերտ, 8-րդ դասարանցի Արայիկ Աթայանին է միացել առաջին դասարան ընդունված Իրինա Ավանեսովան: Այս մասին  «Արմենպրես»-ին տեղեկացրել է Գեղաքարի միջնակարգ դպրոցի տնօրեն Թագուհի Աթայանը:

2017-2018 ուսումնական տարում հեռավոր լեռնային գյուղի դպրոցը մնացել էր մեկ աշակերտի հույսին, ով այս տարի հաճախել է ութերորդ դասարան:

«Նախորդ տարիներին ունեցել ենք մինչեւ 4-5 աշակերտ, այդ թիվը տարիների ընթացքում նվազեց: Հիմա, փառք Աստծո, ունեցանք նաեւ երկրորդ աշակերտը: Գրիգոր Ավանեսովի ընտանիքում եւս երկու երեխա են մեծանում, ովքեր մոտակա տարիներին կհամալրեն մեր աշակերտների կազմը: Գյուղում գրանցված ընտանիքներն այստեղ բնակվում են միայն ամռան ու աշնան ամիսներին՝ զբաղվելով անասնապահությամբ, իսկ ձմռանը տեղափոխվում են իրենց բնակության հիմնական վայրեր: Գեղաքարում հիմնական բնակություն հաստատած ընտանիքները 6-ն են, որոնց կազմը երիտասարդ չէ: Այդ պատճառով էլ ունենք հատուկենտ աշակերտներ»,-ներկայացրեց դպրոցի տնօրենը:

*

*