«Կարծում եմ` հայ ժողովրդի կեսը նրան հայրական ապտակ կհասցներ»․ Գեղամ Մանուկյան

«Նրա կողմնակիցներին էլ առիթ եմ ունեցել ասելու` ներողություն թող խնդրի»
gegham-manukyan

Ամիսներ շարունակ մեր հանրության լայն շրջանակները խոսում են` մինչև ուր կարող է հասնել այս ատելության մթնոլորտը, ինչքան կարող է անպարկեշտությունը, սեփական բառերին տիրություն չանելը, հայհոյանքը հորդել սոցիալական ցանցերում, ինչը, ցավոք, նաև ուղղորդվում է շատ հաճախ. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը` անդրադառնալով իր կողմից ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանին ծեծի ենթարկելու պատասխանատվությունը ստանձնելուն:

«Ես 19 տարեկան երիտասարդ եմ եղել և իմ հազարավոր համակուրսեցիների հետ 1988 թվականին Ազատության հրապարակում «Միացում, միացում» եմ վանկարկել, իմ հազարավոր ընկերներ Արցախյան մարտի դաշտում են կռվել և նահատակվել, որ այսօր ինչ-որ կենսագրություն չունեցող ու մանրախնդիր երիտասարդ իրեն թույլ տա Արցախը նվաստացնել, Արցախի հոգևոր առաջնորդ Պարգև սրբազանի մասին ամենավերջին թուրքաբարո տերմիննե՞րն օգտագործել:

Ադրբեջանցիներն են այդ բառերն օգտագործում, և այդ ամբողջը սոցիալական ցանցերում է: Որևէ մեկը դեմը չի առնում, խրախուսվում են, անունները դարձրել են ակտիվիստ: Նման դեպքերից մեկն էլ Հրանտ Մարգարյանի հետ էր կատարվել: Եվ այս ամեն ինչը հանդուրժվում է: Չեղավ մի քաղաքական գնահատական: Դրա համար ես եմ ծեծի ենթարկել, որը ծեծ էլ չէ, ապտակ է ուղղակի: Պետք է սաստվի սա: Եվ գիտեմ, որ հիմա շատ երիտասարդներ ներկայացել և ասել են, որ` մենք ենք հեղինակը: Որևէ ձևով այլևս զսպում չկա: Սա այն ազդակն է, որ մարդիկ անդրադառնան, թե ինչ է կատարվում»,- ասաց նա:

Մանուկյանի պնդմամբ` մարդու պատասխանատվությունն իր լեզվին տիրությունն անելն է: «Այդ հայհոյանքները երիտասարդն ասում է տարբեր առիթներով, տարիներ շարունակ: Մի օր սրան պետք է հասցներ: Նրա կողմնակիցներին էլ առիթ եմ ունեցել ասելու` ներողություն թող խնդրի: Այդ տղան շարունակում է նույն հայհոյանքները: Կան սահմաններ հայ ժողովրդի մեջ: Այդ տղան սահմանից այն կողմ էլ է անցել»,- նշեց նա:

Հարցին` նա ինչ-որ քաղաքական ուժ  ներկայացնո՞ւմ է, Մանուկյանը պատասխանեց. «ՀԱԿ-ի անդամ է ներկայանում»:

Խոսքը եզրափակելով` Գեղամ Մանուկյանը նշեց. «Կարծում եմ` հայ ժողովրդի կեսը նրան հայրական ապտակ կհասցներ»:

*

*