Հայաստանյան սպառողների համար գազի գինը չի թանկանա. Նիկոլ Փաշինյան

Պուտինի հետ ունեցած երկու հեռախոսազրույցների ընթացքում գազի գնից բացի այլ հարցեր չեն քննարկել:
pashinyan-putin (2)

Հայաստանյան սպառողների համար Ռուսաստանից ներկրվող գազի գնի փոփոխություն չի լինի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին դեկտեմբերի 31-ին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ հեռարձակմամբ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Երեկ ես երկու անգամ հեռախոսազրույց եմ ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ հեռախոսազրույցների թեման եղել է Հայաստանին մատակարարվող գազի գինը, և ըստ էության կարելի է ասել, որ եկել ենք լուծման` առնվազն առաջիկա տեսանելի ապագայի համար: Կա երկու օղակ գազի մատակարարման մեջ` մեկը «Գազպրոմ» ռուսական ընկերությունն է ու այդ ընկերության կողմից «Գազպրոմ Արմենիային» մատակարարվող գազը, մյուս օղակը` «Գազպրոմ Արմենիայից» դեպի մեր հայաստանյան սպառողներ գազի մատակարարումը: Ըստ էության ստացվել է այնպես, որ «Գազպրոմ Արմենիան» և «Գազպրոմ» ընկերությունները պետք է վերանայեն գազի մատակարարման գինը: Այդ գնի մեջ որոշակի փոփոխություն է տեղի ունենալու, և գնի որոշակի բարձրացում է տեղի ունենալու: Բայց մեր ներքին կարգավորումների շնորհիվ հայաստանյան սպառողների համար գազի գնի փոփոխություն տեղի չի ունենալու:

Կֆիքսվի այս վիճակը, որից հետո անհրաժեշտության դեպքում նորից կանդրադառնանք: Գազի գնի թեման միշտ էլ մեր բանակցությունների սեղանին է լինելու: Ամեն դեպքում, մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի սպառողների համար հավելյալ խնդիրներ չստեղծվեն»- ասաց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ Պուտինի հետ ունեցած երկու հեռախոսազրույցների ընթացքում գազի գնից բացի այլ հարցեր չեն քննարկել:

 

*

*