Ծանոթ-բարեկամի միջոցով գազաբալոնների տեղադրումը վտանգավոր է․ Սերգեյ Հայրապետյան

Վերջին 6 տարվա ընթացքում գրանցվել է ավտոմեքենաների՝ գազով պայմանավորված հրդեհների 531 դեպք։
balon

Հանրապետությունում վերջին 6 տարվա ընթացքում գրանցվել է ավտոմեքենաների՝ գազով պայմանավորված հրդեհների 531 դեպք, որի հետևանքով եղել է 19 զոհ, 62 տուժած: 2018 թվականի ընթացքում գրանցվել է 6 դեպք: Գազից ավտոմեքենաների հրդեհների ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2016 թվականին` 119 դեպք, 2014 թվականին` 102 դեպք: Ամենացածր ցուցանիշը գրանցվել է 2017 թվականին` կազմելով 51 դեպք:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը նշեց, որ 2017 թվականին գրանցված համեմատաբար ցածր ցուցանիշը հարաբերական է, որովհետև ոլորտում բազմաթիվ հարցեր շարունակում են չկարգավորված մնալ: Նշված ժամանակահատվածում գազից ավտոմեքենաների հրդեհների 500-ից ավելի դեպքի առկայությունը մասնագետը մտահոգիչ է համարում:

«Այս ոլորտում խնդիրը սուր է: Եթե գազալցակայանների մասով իրավիճակը բարելավվել է, ապա նույնը չենք կարող ասել ավտոմեքենաներում գազի բալոնների տեղադրման հետ կապված: Քիչ չեն դեպքերը, երբ վարորդները գազաբալոնները տեղադրում են ոչ թե համապատասխան լիցենզավորված ընկերությունում, այլ ծանոթ-բարեկամի միջոցով, իսկ դա լի է վտանգավոր հետևանքներով»,-ասաց Սերգեյ Հայրապետյանը:

Վերլուծությունը ցույց է տալիս, որ գազից պայթյունները հիմնականում տեղի են ունենում հին գազաբալոններով ավտոմեքենաներում:

«Փորձարկում չանցած, աստված գիտի, թե որտեղից վերցրած գազաբալոններ են տեղադրում, տարիներ շարունակ չեն տանում ստուգման: Իհարկե, նաև պայթյունին նպաստում է ճնշման խնդիրը: Բարձր ճնշումն իրականում օգուտ չի տալիս վարորդներին, ավելին, այն գազաբալոնների արագ մաշվածության պատճառ է դառնում»,-հավելեց Սերգեյ Հայրապետյանը:

*

*