Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Վրաստանի նախագահին

Նորին Սրբությունը մասնավոր անդրադարձ է կատարել Վրաստանում հայկական սրբավայրերի...
katoghikos-vrastani-nakhagah

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Սալոմե  Զուրաբիշվիլիին: Ողջունելով Վրաստանի նախագահի այցը Հայաստան և Մայր Աթոռ Ս. Էջմիածին` Նորին Սրբությունը կարևորել է երկու երկրների ղեկավարների միջև հանդիպումները, որոնք նպաստում են հայ-վրացական բարեկամական կապերի առավել ամրապնդմանը

Նորին Սրբությունը հաստատել է, որ երկու ժողովուրդների բարեկամության մեջ առանձնակի դերակատարություն է ունեցել քրիստոնեական հավատքն ու արժեհամակարգը. երկու ժողովուրդներն էլ իրենց պատմության ընթացքում հավատքի շնորհիվ կարողացել են հաղթահարել բազում փորձություններ ու դժվարություններ:

Իր խոսքում Նորին Սրբությունը մասնավոր անդրադարձ է կատարել Վրաստանում հայկական սրբավայրերի ու մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին` հույս հայտնելով, որ դրանք վրաց իշխանությունների հոգածությամբ կգտնեն իրենց լուծումը:

Իր հերթին նախագահ Զուրաբիշվիլին ուրախություն է հայտնել երկրորդ այցի առիթով, ապա անդրադարձել Վրաստանի առջև ծառացած մարտահրավերներին: Խոսելով տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին` Վրաստանի նախագահը նշել է, որ խաղաղությունն այլընտրանք չունի: Զուրաբիշվիլին նաև անդրադարձ է կատարել երկու երկրների միջև առկա համագործակցությանը և դրա զարգացման հեռանկարներին:

 

*

*