Գարեգին  2-րդ. «Աղոթում ենք, որ Աստված զորացնի ձեզ հայրենասեր ոգով»

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին  2-րդ Ամենայն հայոց կաթողիկոսի խոսքը Ազգային ժողովի 6-րդ գումարման անդրանիկ նիստին
garegin-b

Մեծարգո նախագահ Հայաստանի Հանրապետության,

Հարգարժան պատգամավորներ,

Հարգելի ներկաներ,

Հայրապետական Մեր ողջույնն ու օրհնությունն ենք բերում Ձեզ եւ շնորհավորում Ազգային Ժողովի նորընտիր պատգամավորներին 6-րդ գումարման այս առաջին նիստի առիթով:

Ազգային Ժողովի դերակատարությունը պետական կառավարման համակարգում այսուհետ էականորեն ընդլայնվում է՝ պայմանավորված սահմանադրական փոփոխությունների արդյունքում խորհրդարանական կառավարման անցնելու հանգամանքով: Առավել մեծ լիազորություններով ու իրավասություններով օժտված բարձրագույն մարմին որպես` Ազգային Ժողովն ստանձնում է նաեւ առավել մեծ պատասխանատվություն մեր երկրի ու ժողովրդի կյանքում, մեր ներկայի եւ ապագայի հանդեպ:

Մեր պետականության կայացման եւ մեր երկրում վերափոխումների իրականացման ճանապարհին Ազգային ժողովի կողմից կարեւոր քայլեր են ձեռնարկվել՝ ստեղծելու օրենսդրական հիմքերը իրավական պետության ու քաղաքացիական հասարակության ձեւավորման, մեր երկրում տնտեսության, գիտության, մշակույթի զարգացման համար: Այս տարիներին ջանքեր են ներդրվել նաեւ ապահովելու բարենպաստ միջավայր հոգեւոր եւ ազգային-եկեղեցական կյանքի զորացման համար:

Բոլոր ձեռքբերումներով հանդերձ՝ մեր կյանքից, սակայն, դեռեւս թոթափված չեն խնդիրներն ու դժվարությունները: Ծանրակշիռ ջանքեր պահանջող ուղի պիտի անցնենք՝ կերտելու համար մեր ժողովրդի բարօր կյանքը, ապահովելու խաղաղությունը մեր սահմաններում, պաշտպանելու մեր ժողովրդի իրավունքները եւ իրագործելու համար ազգային մեր իղձերը:

Մեծարգո պատգամավորներ, բարձրագույն օրենսդիր մարմնում  դուք կոչված եք մեր երկրին ու հավատավոր ժողովրդին ծառայելու նվիրական, մեծ ու պատասխանատու առաքելության: Օրենքները, որոնք պիտի ընդունվեն այս բարձր մարմնում, պիտի ամրացնեն եւ առաջընթաց բերեն մեր հասարակական կյանքին, դառնան հարազատ հայելին մեր ինքնության, մեր արժեքների, արտահայտեն մեր ժողովրդի իղձերը, ամրապնդեն ազգային մեր համերաշխությունն ու միասնությունը:

Խորհրդարանը նաեւ կարեւոր հարթակ է, որտեղ բազմակարծությունը, մտքերի ու նախաձեռնությունների բազմազանությունը՝ ծնունդ առած հայրենասեր ու նախանձախնդիր նույն ոգուց, առավել պիտի ընդլայնեն մեր երկրի զարգացման հեռանկարները: Հայացքների ու տեսակետների տարբերությունները, սակայն, երբեք չպիտի դառնան պատճառ հակառակությունների ու անհանդուրժողականության՝ խոչընդոտելով Ազգային Ժողովի արդյունավոր առաքելությունը: Ի դեպ է այսօր հիշել Ս. Ներսես Շնորհալու պատգամը. «Միութիւն ի կարեւորս, ազատութիւն ի երկբայականս եւ սէր` յամենայնի»: Հավատարմորեն հետեւեք հայրապետի հորդորին, պահպանեք միությունը կարեւոր գործերում, ազատությունը` երկրորդականներում եւ սերը` ամեն ինչում:

Մեր մաղթանքն է, որ համերաշխ գործակցությամբ միավորեք ձեր ջանքերն ու նվիրումը հանուն մեր հայրենիքի ու ժողովրդի խաղաղ, լուսավոր ու բարի կյանքի: Աղոթում ենք, որ Աստված զորացնի ձեզ հայրենասեր ոգով, պարգեւի եռանդ ու կորով` մնայուն ձեռքբերումներ արձանագրելու ձեր բարձր առաքելության մեջ: Հարուցյալ մեր Տիրոջ շնորհներն ու հաղթական սուրբ խաչի պահպանությունն ենք հայցում ձեզ ամենքիդ եւ Սուրբ Հոգու առաջնորդությունը:

*

*